Աստվածաբանի պնդումները, թե ինչու պետք է եկեղեցու պատմությունը դասավանդել

Աստվածաբանի պնդումները, թե ինչու պետք է եկեղեցու պատմությունը դասավանդել
Նոյեմբեր 16 18:32 2019

Խորհրդային աստվածամերժողական համակարգի փլուզմամբ և անկախության ձեռքբերմամբ կտրուկ մեծացավ հետաքրքրությունը քրիստոնեության, հայոց եկեղեցու, սրբավայրերի, վանքերի, հոգևոր նշանավոր այրերի գործունեության նկատմամբ: Մտավորականությունը չէր կարող անմասն մնալ ընդհանուր համազգային զարթոնքից և չնայած առկա դժվարություններին` պետք է իր մասնակցությունը բերեր պատմական ազգային-հոգևոր արժեքների վերհանման ու հանրայնացման գործում: Այս կարևոր առաքելության իրականացման ճանապարհին մեծ և անքննելի արժեք ունի 2003 թ.-ից <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի հանրակրթական դպրոցներում դասավանդումը: Երբեմն մամուլում ականատես ենք լինում այնպիսի կարծիքների, որոնք պնդում են առարկայի հակասահմանադրական լինելը՝ մատնացույց անելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը: Իսկ իրականում ինչպիսին է առարկայի առնչությունը Մայր օրենքին: 2005թ. Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հատուկ ընդգծվեց Հայ առաքելական եկեղեցու դերը և կարևորությունը հայոց համար, նմանապես 2015թ. Սահմանադրական հաջորդ փոփոխության ժամանակ ՀՀ Սահմանադրության հոդված 18-ի 1-ին  մասում մասնավորապես շեշտվում է. <<Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում>>: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ-ն երաշխավորում է  կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը (Հոդված 17): Ինչպես տեսնում ենք, այս տարիների ընթացքում (1995-2005-2015թթ) երկրի Մայր օրենքը մեկ քայլ առաջ է գնացել ՝ կարևորելով Հայաստանյաց առաքելական եկեղեցու դերը, երբեք չսահմանափակելով խղճի և դավանանքի ազատությունը: Եվ հիմա ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին խոչընդոտ կամ ոչ անհրաժեշտ համարվի <<Հայոց եկեղեցու պատմության>> դասավանդումը: Ներկա մարտահրավերների պայմաններում՝ հազիվ թոթափած խորհրդային տարիների աստվածամերժողական գաղափարախոսությունը, պիտի կարողանանք <<ամուր լինել մեր լեռների պես>> և թույլ չտանք օտարածին, աղանդավորական և ազգահալած ուժերի ներթափանցումը և մեր հայրենիքում դրանց տարածումը: Առարկան իրականացնում է պաշտպանություն առաջին հերթին ազգային անվտանգության տեսանկյունից: Երբ դպրոցից արդեն իսկ երեխան սկսում է տարբերակել և տարրական կրոնական գիտելիք ունենալ, նրան ավելի հասուն տարիքում բարդ է լինում մոլորեցնել և աղանդավորական ցանցը գցել: Ասվածի վառ ապացույցն այն է, որ սովետական իշխանության տարիներին, երբ կրոնական ցանկացած երևույթ երկրորդված էր, համակարգի փլուզումից հետո պարարտ հող էր ստեղծել շատ ու շատ աղանդների և ուժերի ներթափանցման և տարածման համար: Հայտնի ճշմարտություն է նաև այն, որ պետության ինքնանկախությունը կարող է վտանգվել ինպես դրսի, այնպես էլ ներսի թշնամիների կողմից: Աղանդները, օտարածին և հայադավ գաղափարախոսությունները հենց այդ ներսի թշնամիներն են, որոնց դեմ պայքարի հիմնական միջոցներից է դպրոցական պարտադիր ծրագրում վերոհիշյալ առարկայի դասավանդումը: Չորս տասնյակից ավելի պետություններում կրոնական գիտելիքներ մատուցվում են դպրոցական կրթական ծրագրերում՝ պետության հովանու ներքո:

Առարկայի դուրս բերմամբ մեր հասարակությանը կամա թե ակամա կզրկենք ավելի լավ տեղեկացված լինելուց, որը և հետընթաց կդառնա մեզ համար՝ հայտնվելով ճիշտ 1990-ականներում: Սեփական երկրի, եկեղեցու պատմության իմացությունը և մայրենի լեզվի խոր տիրապետումը այն վահանն է ինչով՝ զինված է հայ մարդը, լինի Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Հայտնի փաստ է, որ Սփյուռքում չեն միաձուլվում այն հայ զավակները, ովքեր ամուր կապ ունեն Հայ առաքելական եկեղեցու հետ և տիրապետում են հայոց ոսկեղենիկ լեզվին:

Այսօր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի կազմության  հետ կապված որոշ քննադատություններ, իսկապես, տեղին են: Այո՛, դասագրքերը վերանայման, վերախմբագրման և նոր նյութերով համալրելու կարիք ունեն:

Հարգելինե՛ր, տարիների ընթացքում ամբարված փորձը, ջանքն ու գիտելիքը գրչի մեկ հարվածով չավերենք, այլ միաբանվենք և բարեփոխենք <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկան ի շահ մեր սուրբ ազգի հարատևության և հետագա հաղթանակների:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի պ.գ.թ., դոց. Լ. Ա. Պողոսյան

loading...