Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի նոր կանոններով


Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի նոր կանոններով
Ապրիլ 1 22:26 2017

Վաղվանից Խորվաթիայի Սպլիտ քաղաքում 41 երկրների 275 ծանրորդներ (տղամարդիկ եւ կանայք) կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունում, որում առաջին անգամ կիրառվելու են նոր կանոններ: Առաջին, կանանց պայքարում ավելացվել է նոր քաշային կարգ՝ մինչեւ 90 կիլոգրամ, որով վերացվել է նախկին՝ +75 կիլոգրամ գերծանր քաշային կարգում մասնակիցների անձնական քաշով պայմանավորված առավելությունը: Երկրորդը տվյալ քաշային կարգում հավասար արդյունքի արձանագրումն է: Եթե նախկինում երկու եւ ավելի ծանրորդ առանձին վարժություններում եւ երկամարտում ցույց էր տալիս միեւնույն կիլոգրամները, առավելությունը տրվում էր անձնական ավելի թեթեւ քաշ ունեցողին: Նոր կանոններով արդյունքը գրանցվելու է այն ծանրորդի անվան դիմաց, որն առաջինն է այն ֆիքսել: Այսպես ավելի դժվարանում ու կարեւորվում է մարզիչների գործոնը, որոնցից այսուհետեւ պահանջվելու է ճիշտ գնահատել իր սանի հնարավորությունները եւ հաջորդ մոտեցման համար ավելի ճիշտ քաշ պատվիրել: