Փսորիազից տառապում է աշխարհի բնակչության մոտ 4 տոկոսը։ Այն կարող է զարգանալ յուրաքանչյուր տարիքում՝ նորածնայինից մինչեւ խոր ծերություն։ Սակայն սովորաբար այն հայտնվում է երիտասարդների մոտ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փսորիազով հիվանդների 70 տոկոսը հիվանդանում են մինչև 20 տարեկանը։
Փսորիազի նշաններն են՝ քոր, ցան, թեփոտում։
Փսորիազը քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, որը ցանավորման եւ թեփոտման միջոցով է արտահայտվում։ Ցանավորումը հիմնականում առաջանում է արմունկներին, ծնկներին, գլխի մազածածկ հատվածում։ Հնարավոր է առաջանա նաեւ մաշկի այլ հատվածներում։ Ցանն ուղեկցվում է ուժեղ քորով։
Եթե նման նշաններ եք նկատում, անհրաժեշտ է դիմել բժշկի։
Փսորիազի առաջացման պատճառը դեռեւս հստակ չէ, սակայն կան մի քանի ընդունված տարբերակներ։ Առաջացման պատճառներից կարող են լինել ժառանգական գործոնը, իմունային խնդիրները, նյութափոխանակությունը, էնդոկրին խանգարումները։
Մի բան հստակ է՝ փսորիազը ինֆեկցիոն հիվանդություն չէ, հետեւաբար՝ այն վարակիչ չէ։
Կարծիքներ կան նաեւ, որ փսորիազ կարող է առաջանալ սթրեսի, սառը կլիմայի, սխալ սննդակարգի արդյունքում։
Եթե արդեն փսորիազը առկա է, այն կարող է սրվել ալկոհոլ օգտագործելու դեպքում, քացախ պարունակող մթերք օգտագործելիս, պղպղեղ, շոկոլադ օգտագործելիս։
Փսորիազի բուժումը պետք է նշանակի մաշկաբանը՝ կախված նրանից, թե որքանով է հիվանդությունը խորացել։ Ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
Աղբյուր՝ Բուժինֆո










