Թատրոնում «բեսպրեդել» է, Էլբակյանը կործանում է այն. դերասանուհին փակագծեր է բացել


Թատրոնում «բեսպրեդել» է, Էլբակյանը  կործանում է այն. դերասանուհին փակագծեր է բացել
Հունվար 9 17:00 2019

Տոներին ընդառաջ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրճատումներ են եղել: Դերասանները, սակայն, նախապես այդ մասին չեն իմացել: Այս մասին  հայտարարել է նույն թատրոնի դերասանուհի  Էռնա Ավետիսյանը՝նշելով, որ պատճառը ընդդիմադիր հայացքներ ունենալն է:

Թե ինչն է աշխատանքից ազատման իրական պատճառն ու ինչ են պատրաստվում անել դերասանները, ովքեր,ազատվել են աշխատանքից, ArmDay.am-ը ներկայացնում է հարցազրույցի տեսքով:

-Էռնա, ինչպե՞ս իմացաք, որ ազատվել եք աշխատանքից և ո՞րն է պատճառը:

-2018թ. դեկտեմբերի վերջին աշխատանքային օրվա աշխատանքային վերջին ժամին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մի քանի աշխատակիցներ հեռախոսազանգով տեղեկացանք, որ  ծանուցում ունենք ստանալու: Դերասանների թվում է նաև  թատրոնի 35 տարվա վաստակ ունեցող բեմադրիչ Տ. Գասպարյանը և իր ուսանողուհի՝ օժանդակ կազմի դերասանուհի Կ. Հարությունյանը:

Այդ հաստիքների կրճատումը համարում եմ աշխատանքային հետապնդում, քանի որ մենք թատրոնում տիրող իրավիճակի ամենասուր քննադատներն ենք:  Նման լկտիության ոչ ոք չէր սպասում, սա վերջին կաթիլն էր:

-Մինչ այս ինչ-որ լարվածություն եղե՞լ է ղեկավար կազմի հետ:
-Տ.Գասպարյանը, վերջերս ԶԼՄ-ներում հանդես եկավ թատրոնի ղեկավար զույգին ուղղված քննադատությամբ, նշեց, որ թատրոնն էլբակյանացվել է, որ թատրոնը կործանվում է, որ թատրոնում վախի մթնոլորտ է տիրում, որ մարդկանց անտեղի ազատում են աշխատանքից և այլն: Կ. Հարությունյանը ֆեյսբուքյան մի գրառման մեջ հաստատել է Տ. Գասպարյանի խոսքերը, իսկ ես, ինչպես շատերին է հայտնի, բազմիցս արտահայտվել եմ թատրոնի ոչ նախանձելի վիճակի մասին:

-Երբանի՞ց  և ինչի՞ց է սկսվել այդ լարվածությունը:

-Տ. Գասպարյանը Սունդուկյանի անվ. թատրոնի համար պատահական աշխատակից չէ: Նրա ներկայացումները սիրված են և գնահատված, իսկ ամեն մի պրեմիերան պոտենցիալ հաջողությամբ է շնչում: Այդ իսկ պատճառով 2015թ-ից, երբ Ա. Էլբակյանը մուտք գործեց թատրոն որպես գեղղեկ, Տ. Գասպարյանին չի տրվում բեմադրելու հնարավորություն: 2015 թ-ին նա Էլբակյանին առաջարկել է բեմադրել Սարտրի «Սատանան և Տեր Աստվածը», բայց Էլբակյանն ընթացք չի տվել այդ գործին: Այս տարվա հունիսին հեղափոխությունից հետո թատրոնի ղեկավարությունը հիշեց Տ. Գասպարյանի բեմադրելու ցանկության մասին: Տնօրենը, սակայն, նշել է, որ դա պիտի լինի միայն ազգային գործ: Միայն ազգային գործերով բևեռացումն ամբողջ աշխարհից Տ. Գասպարյանը նույնպես բազմիցս քննադատել է: Նոյեմբերին Տ. Գասպարյանը մեկ անգամ ևս խոսել է ղեկավար զույգի հետ բեմադրություն անելու մասին և նշել Իբսենի «Պեր Գյունտ» պիեսը: Գեղղեկը հայտնել է, որ գեղխորհրդին կդնի այդ հարցը քննարկման, իսկ դեկտեմբերի վերջին աշխատանքային օրվա վերջին աշխատանքային ժամին մենք երեքով ստացանք աշխատանքից ազատման լուրը: 

-Ինչո՞ւ հենց դուք կրճատվեցիք:
-Պատասխանն ակնհայտ է: Տ. Գասպարյանն արդեն 35 տարի է Մայր թատրոնում բեմադրիչ է և թատրոնին պիտանի լինելն ապացուցել է իր ներկայացումներով, որոնցով դրսում մեր երկիրն են ճանաչել, գնահատել մեր արվեստը, նա հպարտության բազմաթիվ առիթներ է պարգևել և թատրոնին, և մեր երկրին: Սունդուկյանի անվան թատրոնը նրա երկրորդ տունն է, նրա սիրտը ցավում է այդ թատրոնի համար: Մի՞թե կարելի այդպես ոտնահարել մարդու վաստակը:  Ա. Էլբակյանը իր գալով նպատակ էր դրել ազատվել Տ. Գասպարյանից, սկզբում առանց ծանուցման նրան գլխավոր ռեժիսորից սարքեց ռեժիսոր, մենք այս դեպքի մասին երկար ժամանակ տեղյակ չէինք, հետո հեռացրեց ստուդիայից՝ հայտարարելով, որ եթե նա չգնա, ստուդիան կփակվի, հետո խաղացանկից հանվեցին Գասպարյանի ներկայացումները, զրկեցին բեմադրություն անելու հնարավորությունյց, հիմա էլ ազատեցին աշխատանքից:

Մեզ կրճատելով՝ Ա. Էլբակյանը և Վ. Մկրտչյանը փորձում են ազատվել ներսի քննադատներից և թատրոնում ամրապնդել վախի մթնոլորտը: Այլևս ոչ ոք ձայն չի բարձրացնի, քանի որ կմտածեն եթե Տ. Գասպարյանին են գործից հանել, ուրեմն մեզ կհանեն ու կհանեն: 

-Մենք տեղյակ ենք, որ դուք հեռացվել եք նաև թատրոնին կից ստուդիայից: Այդ մասին ի՞նչ կասեք:
-Ինչ վերաբերում է ինձ և Կ. Հարությունյանին, մենք թատրոնում ենք 2012թ-ից (սովորել ենք թատրոնին կից ստուդիայում՝ Տ. Գասպարյանի արվեստանոցում), 2015թ-ի հունվարից ստացել ենք հաստիք՝ որպես օժանդակ կազմի դերասանուհիներ, որովհետև Տ. Գասպարյանն այն մարդը չէ, որը կարող է թատրոնում վաստակ չունեցող դերասանին միանգամից բարձր կարգ տալ գործի ընդունելիս, թեպետ մենք նրա ուսանողներն էինք և նա տեղյակ էր մեր որակի և պոտենցիալի մասին: Այս ընթացքում խաղացել բավականին բարդ դերեր և շատ լավ գնահատականների արժանացել: Ա. Էլբակյանի գալով այդ բարդ դերերի մասին մենք մոռացանք, որովհետև Տ. Գասպարյանի ներկայացումները հանվեցին խաղացանկից, և մենք դարձանք Էլբակյանի ներկայացումների բացառապես զանգվածային տեսարանների դերասաններ: Եվ այսօր, երբ մենք վաստակել ենք մեր կարգը բարձրացնելու իրավունքը, մեզ շատ հեշտ ասում են, որ այդ կազմը կրճատվել է և փոխանակ կարգ բարձրացվի, մեզանից փորձում են ազատվել: Այնինչ Ա. Էլբակյանը իր խամաճիկների թատրոնից դերասաններ է բերում, իր անփորձ ուսանողներին է բերում ՝ միանգամից մեզնից բարձր կարգով, իսկ մեր մասին մոռանում: Հարց է ծագում ինչո՞ւ նրանց համար հաստիք կա, մեզ համար չկա, երբ մենք մեր փոքրիկ վաստակով և աշխատանքային տարիներով ավելի ենք արժանի:
Առավելությունը պիտի մեր կողմը լինի, իսկ դրսից բերվող ուսանողները պիտի լինեն օժանդակ կազմում:

-Նշեցիք, որ ձեր դերերը կրճատվել են, իսկ ովքե՞ր են ստանում ձեր դերերը, ում է առաջնահերթություն տրվում:

-Նաև ասեմ, որ թատրոնում աղանդավոր լինելը դարձել է հաստիք և դեր ստանալու հիմք: Ինձ համար միևնույնն է, թե մարդիկ ում են աղոթում կամ ում հավատում, դա իմ գործը չէ, բայց երբ նույն սեկտայի անդամներն իմ աշխտավայրում ունեն բացահայտ առավելություններ, նշանակում է, որ այստեղ խաղի կանոններ են թելադրվում: 

-Այդ իրավիճակում  ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, փորձո՞ւմ եք վերականգնել  ձեր հաստիքները:

-Տ. Գասպարյանը պահանջել է ժողով, որ բարձրացնի շատ հարցեր, բայդ դրան ամեն կերպ խոչընդոտվել է, քանի որ ղեկավար զույգը խուսափում է առերեսվելուց: Աշխատանքից ազատվելուցհետո դեռ չենք հանդիպել:

-Դուք, Ձեր սոցցացներում շատ սուր քննադատում եք, նաև այն բեմադրությունները, որոնք ներկայացվում են թատրոնում:

-Վ. Մկրտչյանը և Ա. Էլբակյանը բազմաթիվ տաղանդավոր մարդկանց և պարզապես լավ մասնագետների պարապության են մատնել: 
Բազմիցս արտահայտվել եմ, թե ինչ որակի ներկայացումներ են բեմադրվել վերջին տարիներին և որ ոչ մի փառատոնի չի կարելի գնալ այդ ներկայացումներով, այդ հին մտածելակերպով, խոսել եմ ներկայացումների գռեհկության մասին: 

Վ. Մկրտչյանի գալով ոչինչ չփոխվեց թատրոնում: Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ գետտոյի քաղաքականությունը շարունակվելու է և որ տնօրենը և գեղ. ղեկը մի մարմին են: Տնօրենը մտավ ուրիշի տուն ոչ թե սրտեր գրավելով, այլ ինքնահաստատման ը նպաստող քայլերով՝ ձևակերպեց անհիմն նկատողություն 5 դերասանուհու նկատմամբ որպես դաս բոլորին, մի քանի տեղ ասաց, որ թատրոնում է Սերժի դոբրոյով, այսինքն իր դեմ խաղ չկա, ով իրեն հակաճառում էր, սխալները ցույց տալիս, ազատեց աշխատանքից, թատրոն բերեց մարդկանց, որ անհասկանալի է, թե ինչով են զբաղվում: Նպատակն էր վախի մթնոլորտ ստեղծել, նոր կարգեր հաստատել:

-Հանդիսատեսի թիվը նվազե՞լ է:Այդտեղ և՞ս խնդիր եք տեսնում:
-Իսկ ո՞վ է գլխավոր հանդիսատեսը Մայր թատրոնում: Պատասխան՝ երեխան: Բեմադրվում են դպրոցական ծրագրերի ստեղծագործությունները, որ դահլիճը հեշտ լցվի: Ուսուցչների հետ դասարաններով գալիս են, բարձրանում է հանդիսատեսի թվի ցուցանիշը, ինչպես նաև չես մտածում, ինչպես աշխարհի բոլոր լավ մենեջերները, թե ինչպես տոմս վաճառես, այլ հերթով բերում ես դպրոցներ իրենց աշակերտներով: 

Չէ, լավ է, որ աշակերտները գալիս են: Բայց այդ ե՞րբ Սունդուկյանի անվան թատրոնը դարձավ գլխավորապես պատանի հանդիսատեսի թատրոն: Եվ ի՞նչ ճաշակ ենք նրանց հրամցնում: 

Թատրոնը կոչվում է նաև Մայր թատրոն, գուցե որովհետև մոր պես պիտի դաստիարակի, նշաձող լինի այլ թատրոնների համար թե որակով, թե ճաշակով, թե ստեղծագործական բուռն կյանքով: Մայր թատրոնի առաջարկը պիտի բազմապիսի լինի՝ տարբեր մեծ ռեժիսորների ձեռագրերով: Իսկ այսօր այն փորձադաշտ է: Բայց դա ամենավատը չէ: Վատն այն է, որ շատ լուրջ ռեժիսորների շատ ստացված ներկայացումներից մի քանիսը խաղացանկում ավելացան բազմաթիվ բողոքներից հետո, այն էլ միայն հեղափոխության հաղթանակից հետո, երբ իրենց ուժը կորցրեցին գեղ.ղեկավարի և տնօրենի թիկունքում կանգնած հհկ-ական մարդիկ: Թատրոնի դիմաց բացի էլբակյաններից այլ ռեժիսորների պաստառներ ավելացան մի քանի շաբաթ առաջ: Դրանց մեջ, իհարկե, չկա Տ.Գասպարյանի որևէ ներկայացման պաստառ: Մայր թատրոնը դարձել է ղեկավարության շրջապատի թատրոն:

-Ձեր խոսքից կարելի է հասկանալ, որ թատրունը կործանվո՞ւմ է:

-Այո: Թատրոնի սրան նախորդած ստեղծագործական բուռն կյանքի վառ ապացույցներն են՝
փառատոններ, 6 հյուրախաղեր (Լոնդոն, Բրեստ, Լոս Անջելես, Բոստոն, Թբիլիսի, Բաթումի), հիացական կարծիքներ և գնահատականներ ցուցադրված ներկայացումների մասին, Սունդուկյանի անվան թատրոնի անունը հեղինակավոր պարբերականների էջերին և այլն:

Շուտով 4-րդ տարին է Էլբակյանի ղեկավարման, թատրոնում եղել է 6 պրեմիերա:
Մինչ իր գալը 3 տարվա ընթացքում եղել է 7 պրեմիերա: 
Ջոն արքա՝ փառատոններով, հյուրախաղերով, հաջորդը «100 տարի անց»-ն էր, որով նույնպես հյուրախաղեր կազմակերպվեցին:
Հետո «Դեպք մետրոյում» ներկայացումը բեմադրվեց, որը հիմա, չգիտես ինչու, չի խաղացվում: Հաջորդը «Որբերի ընտանիք»-ն էր, 
հետո «Ռիչարդ 3-րդ»-ի պրեմիերան էր :
Դրան հաջորդեց «Արշալույսներն այստեղ խաղաղ են…» ներկայացման պրեմիերան էր, որը փաստեց ստուդիայի աշխատանքի արդարացված լինելը: Եվ որն այսօր նունպես չկա:
Հետո «Սպիտակաձյունիկը» բեմադրվեց, որը դարձյալ հանվեց խաղացանկից նշված զույգի գալով:
Նշեմ նաև, որ Տ. Գասպարյանի ղեկավարման տարիներին ոչ մի բեմադրիչի ներկայացում չի հանվել խաղացանկից: 

-ՆԵրկայացումների պաստառները հավասարապես  չե՞ն տպվում, այդ մասին համապատասխան չի՞ տարածվում:

-Այսօր տոմսարկղի պատերին հանդիսատեսը տեսնում է բացառապես Էլբակյանների ներկայացումների պաստառները:
Այս խնդրին հակադարձվում է, որ միայն նոր ներկայացումներնի համար են պաստառներ պատվիրվում: Այդ դեպքում ինչո՞ւ գրեթե 10 տարի առաջ բեմադրված Ա.Էլբակյանի «Մուսա լեռան 40 օրը» իր գալու օրվանից փոխեց 2 աֆիշ ու այդ գործը միանգամից կազմակերպվեց: Դրվեց և մուտքի մոտ, և տոմսարկղում, և որտեղ հնարավոր է: 
Ամանորյա կորպորատիվ երեկոյի մասին չի ասվում ընդդիմադիրներին: Սա է մեր թատրոնի քաղաքականությունը: 
Իրականությունը գարշելի է, իսկ PR-վելու ցանկությունը հրեշավոր մասշտաբի:

Եթե ղեկավար զույգը որոշել է կրճատումներ կատարել, նա պիտի սկսեր մեռած հոգիներից և ոչ թե թատրոնի ամենավառ բեմադրիչից և նրա մեծ պոտենցիալ ունեցող ուսանողներից: Սա կոչ չէ որևէ մեկին կրճատելու...սա պարզապես թատրոնի քաղաքականության մասին: