Հազիվ թե գտնվի մեկը, ով երբևէ լսած չլինի այս անսովոր, փոքր-ինչ ծիծաղաշարժ անունը, որ բազում զվարճապատումների անբաժան հերոսն է, բանահյուսված առակների մշտական դերակատարը: Բայց հավանաբար ոչ բոլորին է հայտնի, որ նա ոչ թե մտացածին կամ հավաքական մի կերպար է, ինչպիսիք սովորաբար հորինվում են հումորային պատմությունների համար, այլ իրական անձնավորություն` նույնքան հետաքրքիր կենսագրությամբ, որքան նրա շուրջ հյուսված զրույցներն են:
Պոլոզ Մուկուչը՝ համաձայն եկեղեցական ծխամատյանի` Մկրտիչ Ղազարի Մելքոնյանը ծնվել է 1881 թ-ի հունվարի 7-ին, Ալեքսանդրապոլ քաղաքում, երկաթագործ-արծաթագործ Ղազարի ընտանիքում: Վերջինիս արհեստանոցը դարբինների արհեստանոցի կողքին էր, 45 համարի տակ: Մկրտիչը Ղազարի երկրորդ զավակն էր: Բարձր հասակի համար գյումրեցիները նրան «Պոլոզ» մականունն էին տվել:
Լինելով բնիկ գյումրեցի, Մկրտիչը հագնում էր «ֆանառի» ձեւով կարված թափովի շալվար, լաստիկ կտորից արխալուղ, կրում էր կաստոր կտորից գլխարկ, որին գյումրեցիները շափխա էին ասում, փափուկ կաշվից կոշիկներ: Չնայած հայրը քաղաքի հայտնի եւ հմուտ արհեստավորներից էր, սակայն Մկրտիչն այդպես էլ ոչ մի արհեստ չի սովորում: Մկրտիչն ընդամենը տարրական կրթություն էր ստացել «դայտոպլան» կոչվող դպրոցում ու դրանով էլ սահմանափակվել էր ուսման նկատմամբ եղած ձգտումները: Չունենալով կրթություն եւ չտիրապետելով որեւէ արհեստի, Պոլոզն այնուամենայնիվ ուներ զբաղմունք՝ Դեռ երիտասարդ հասակից զբաղվել է առևտրով, եղել է մեծածախ մրգավաճառ ( կամ, ինչպես գյումրեցիներն էին ասում` մեյվի փոդրաթչի): Ապրանքը բերել է Երևանից, Վրաստանից, վաճառել փոքր խանութների վրա:
Գրեթե ամեն օր նրա ձիասայլը հայտնվում էր քաղաքի տարբեր մասերում գտնվող խանութ-կրպակներում ու շուկայում: Պոլոզ Մուկուչը հաճախորդներին մրգի հետ միասին մատուցում էր համով-հոտով կատակներ: Պոլոզ Մուկուչին վերագրվող անեկդոտի վերածված եւ ժողովրդի մեջ տարածված շատ պատմություններ իրական հիմքեր ունեին: Պոլոզն այն հազվագույտ մարդկանցից էր, որոնք պատասխանի համար «գրպանը մտնելու» կարիք չունեին: Այդ յուրահատկությունը Պոլոզ Մուկուչի մոտ նկատվել էր դեռ մանկությունից:
Սիրում էր իր վաստակը շռայլորեն ծախսել ընկերների հետ աղմկոտ գինարբուքներում: Նրա մասին ասում էին, որ մեկ օրվա միլիոնատեր էր ու հաջորդ օվա մուրացիկը: Հաճախ էր պատահում, երբ մինչ ուշ գիշեր երկարած խնջույքներն ավարտվում են ոստիկանության հետ ծեծկռտուքներով: Սակայն հենց այդ ժամանակ էլ ծնվում էին այն պատմություններն ու սրախոսությունները, որոնք հետագայում բերնեբերան էին անցնում` Մուկուչի համբավը տարածելով Գյումրիից շատ ու շատ հեռու:
Իր մշտական բաժակակից ընկերներն ուներ` Ծիտրո Ալեքը, Նալըն Կարոն, Վիսյոլի Վարդանը: Այդ անունները հետագայում պիտի հանդիպեին Մուկուչին վերագրվող զավեշտալի պատմություններում իբրև գործող անձիք:
Պոլոզ Մուկուչը երդվյալ ամուրի էր: Եվ այդպես էլ անզավակ ու անընտանիք ապրեց իր կյանքի 50 տարիները: Մահացել է 1931 թվի փետրվարի 15-ին, Թիֆլիսում, վիրահատության ժամանակ: Նրան տեղափոխում և թաղում են հայրենի քաղաքում:










