Ամանորի գիշերը պետք է շքեղ տեսք ունենալ, իսկ այդ հարցում մեզ օգնում են նորաձեւության հայտնի տներն ու դիզայներները: Նրանք հուշում են՝ Ամանորին շքեղ եղեք, բայց ընտրեք այն, ինչը ձերն է, չէ որ գեղեցկությունից ոչ պակաս կարեւոր է հարմարավետ զգալ:
Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը, ի՞նչ տեսքով դիմավորել դեղին խոզի տարին, այս հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է դիզայներ Դիանա Շատվերյանի հետ:
«Դեղին խոզի տարին հուշում է, որ այս տարի առավել նորաձեւ է ոսկեգույնը եւ ակտուալ է այն կրել հենց Նոր տարվա գիշերը: Այդ օրը կարող եք կանգ առնել ոսկեգույն եւ առհասարակ փայլուն զգեստների վրա: Ամբողջ 2019-ին փայլուն բոլոր տեսակի կտորները նորաձեւ կլինեն, դրանք կարող են արտահայտվել պրինտների, խոշոր եւ մանր փուլերի, նախշերի տեսքով: Անգամ առօրյա հագուստը կարող է բաղկացած լինել փուլերից»,- նշեց դիզայները:
Նրա խոսքով՝ շարունակում են ակտուալ լինել over size հագուստները, որոնք առավել նորաձեւ կլինեն, եթե իրենց վրա կրեն փայլուն հատվածներ: Այնպես որ, փայլերը միայն երեկոյան հագուստի վրա կարող են չարտահայտվել:
Դիանա Շատվերյանը նկատեց.
«Ամանորի գիշերը կարող եք կրել կիսաթափանցիկ օրգանզայով կարված զգեստներ, դրանք հաստատ այդ օրը ձեզ շքեղ տեսք կհաղորդեն: Առհասարակ՝ թափանցիկ, նուրբ կտորները ակտուալ կլինեն այդ գիշեր»:
Ինչ վերաբերում է աքսեսուարներին, Դիանան հավելեց.
«Նորաձեւ են տարատեսակ կրծքազարդերն ու խոշոր ականջօղերը, սակայն, եթե ձեզ խոշոր ականջօղեր չեն սազում, պետք չէ դրանք կրել, հարկավոր է միշտ հաշվի առնել սեփական առանձնահատկություններն ու ցանկությունները:. Եթե ձեզ ավելի հաճելի է կրել մանր զարդեր, ապա դա հակաթրենդ չի համարվում: Ի դեպ՝ նորաձեւ են նաեւ կաշվե աքսեսուարները»:
Իսկ վերջում դիզայներն իր շնորհավորանքը հղեց.
«Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ, որ 2019-ն ամենակարեւորը խաղաղ տարի լինի մեր երկրի համար, հատկապես վերջին շրջանի քաղաքական փոփոխություններից հետո արդարանան մեր ժողովրդի սպասելիքները: Առողջ եղեք եւ երբեք նորաձեւության զոհ մի դարձեք»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան










