Մեր հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. միգուցե՝ շաբաթների, միգուցե՝ ամիսների, այս մասին «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գործակալությունը գրում է, որ ցանկացած նոր պատերազմ Ղարաբաղում կարող է հանգեցնել տարածաշրջանային հսկաներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի թշնամությանը Կովկասյան տարածաշրջանում, որը պատմականորեն եղել է նրանց աշխարհաքաղաքականության մրցակցության ասպարեզը:
«Թեև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության նախարարը մշտապես պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ հենց վաղը ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել: Թեև, երբ գործ ունես անկանխատեսելի հարևանի հետ, ապա ամեն ինչ հնարավոր է», - մեջբերելով նախագահի խոսքը՝ գրում է գործակալությունը:
Իր խոսքում ՀՀ նախագահը նաև թիրախավորել է Հայաստանի վաղեմի թշնամի Թուրքիային՝ մեղադրելով Անկարային ղարաբաղյան հիմնախնդրում իր դաշնակից Ադրբեջանին աջակցելու մեջ:
«Ես կարծում եմ՝ այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները մտել են փակուղի: Հայտնի դարձավ, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով և այլևս դա չեն թաքցնում: Եվ բանը հասել է նրան, որ թուրքերի բոլոր հայտարարություններն արդեն իրական հայտարարություններ են, միակողմանի հայտարարություններ են՝ ի սատարումն Ադրբեջանի», - ասել է ՀՀ նախագահը:
Ընդգծելով այն փաստը, որ միջազգային ճնշումը և ռազմական հավասարությունը Երևանի և Բաքվի միջև օգնել են պատերազմը կանխելու մեջ, այնուամենայնիվ, Սարգսյանը նաև իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելու հետ կապված:
«Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին՝ չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ», - հավելել է Սերժ Սարգսյանը:










