Սարգիս Քոչարյանը հաղթեց Կիևի մրցաշարում


Սարգիս Քոչարյանը հաղթեց Կիևի մրցաշարում
Մարտ 3 23:14 2017

Կիեւում մեկնարկած ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճեցին չորս մեդալ:

Ամենաթեթեւ՝ 59 կգ քաշային կարգում հանդես եկած Գեւորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում պարտվեց Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Ժորա Աբովյանին եւ դուրս մնաց ոսկե մեդալի համար պայքարից: Երրորդ տեղի համար մրցամարտում նա հաղթեց ուկրաինացի Վիկտոր Պետրիկին եւ արժանացավ բրոնզե պարգեւի:

71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը առաջին փուլում տանուլ տվեց բելառուսցի Վալերի Պալենսկու հետ մենամարտը եւ ավարտեց ելույթը:

Հաջորդ՝ 80 կգ քաշում, Հայաստանից հանդես եկան երկու ըմբիշ: Սարգիս Քոչարյանը հաղթահարելով նախնական բոլոր փուլերը մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց ուկրաինացի Դմիտրի Պիշկովի հետ: Մեր ըմբիշը վստահ անցկացրեց նաեւ իր վերջին գոտեմարտը եւ արժանի հաղթանակ տարավ: Մեր մյուս ըմբիշը, Ռաֆիկ Մանուկյանը, կիսաեզրափակիչում զիջել էր հենց Դմիտրի Պիշկովին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում նա հաղթեց ուկրաինացի Օլեկսեյ Օսնյակին եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը:

98 կգ քաշային Արթուր Շահինյանը նույնպես մտավ եզրափակիչ: Ավաղ, նա այստեղ պարտվեց ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյին եւ բավարարվեց արծաթե մեդալով:

Վաղը հանդես կգան 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, Վարշամ Բորանյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):