Վերջում դուրս է գալու, որ միայն ես եմ ընդդիմություն. Գալուստ Սահակյան (տեսանյութ)


Վերջում դուրս է գալու, որ միայն ես եմ ընդդիմություն. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Մարտ 1 13:31 2017

Նախընտրական շրջանին և երկրում տեղի ունեցող քաղաքական լուրջ զարգացումներին ընդառաջ` Armday.am-ը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ զրուցել է ընթացիկ քաղաքական զարգացումների, վարկանիշային ցուցակների, ներքաղաքական զարգացումների, տարվող քարոզարշավներին առաջացած խոչնդոտների մասին:

Ըստ ԱԺ նախագահի՝ ՀՀԿ-ն բոլորին համարում է իրեն մրցակից, իսկ տարածքային ցուցակներն էլ ներկուսակցական խնդիրների չեն հանգեցնելու:

-Պարո՛ն Սահակյան, պահքի շրջան է, միաժամանակ նաև մեկնարկում է քարոզարշավը, որի ընթացքում, հայտնի է, որ թեկնածուները խոստումներ են տալիս, որոնք, միշտ չէ, որ իրականություն են դառնում: Ինչպե՞ս են, ըստ Ձեզ, թեկնածուներն անցկացնելու քարոզարշավն առանց ստերի:

-Նրանք էլ ստախոս թեկնածուներ կլինեն, դե պահքի շրջանն այլ խնդիր է, այլ շրջան է մեր իրական կյանքը: Սովորաբար մարդիկ միշտ մտածում են՝ իրենք շատ խորիմաստ իրավիճակների մեջ են, բայց երբ գալիս է ընտրություն, ամեն մեկը մի առաքելություն է որդեգրում, որ իբրև թե դա հնարավոր է այս պահին ազգության համար կատարել: Սա է մեր իրավիճակը:

-Պարո՛ն Սահակյան ՀՀԿ-ն միշտ ասում է, որ քաղաքական դաշտի կայացման համար պետք է նորմալ ընդդիմություն: Առաջադրված ուժերի մեջ կա՞ն նման ուժեր, որոնց դուք համարում եք ընդդիմություն:

-Էնպես ծիծաղի համար ասեմ՝ վերջում դուրս է գալու, որ միայն ես եմ ընդդիմություն: Խնդիրը հետևյալն է, որ պետք է մտածել՝ ընտրությունների ժամանակ արդեն իշխանություն ու ընդդիմություն չկա, ընտրություններից հետո է որոշվում՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն:

-Ո՞ւմ եք մրցակից համարում:

Նրանք, ովքեր մրցակցության մեջ են: Բոլորին էլ պիտի համարես մրցակից:

-Պարբերաբար տեսակետ է հնչում՝ ռեսուրսների առումով չկա ՀՀԿ-ին մրցակից և ընդդիմությունն իրար հետ է մրցակցում: Համաձա՞յն եք:

-Չէ, բոլորն էլ մեկը մյուսի հետ մրցակցում են, ի՞նչ կապ ունի իշխանական կուսակցություն են, թե՞ ընդդիմադիր, մրցույթն այնպիսին է, որ բոլորին էլ վերաբերում է:

-Մամուլում շատ են հրապարակումները, թե ՀՀԿ-ն նախկին կոալիցիոն գործընկերների հետ՝ ՀՎԿ, «Ծառուկյան» դաշինք, ունի ներքին պայմանավորվածություն, թե ով քանի տոկոս է ստանալու կայանալիք ընտրություններում, ճի՞շտ են:

-Քանի որ դեռևս ընտրությունների նախօրյակն է, մարդիկ սկսում են նման բաներ խոսել, երբ բոլորը գիտեն, նաև ընդդիմությունը, որ համատեղ ենք Ընտրական օրենսգիրքը կազմավորել, և այդ օրենսգիրքը չի թույլատրում, որպեսզի եսիմ ինչեր անես, որ այն մյուսն անցնի: Յուրաքանչյուրը պիտի կարողանա այնպես ներկայանալ ժողեվրդին, որ ժողովուրդն իր ձայնն իրեն տա, որևէ մեկը չի կարող ինչ-որ մեկին բերել:

-Տարածքային ցուցակները ներկուսակցական խնդիրների չե՞ն հանգեցնի:

-Սովորաբար ընտրությունները հիմնականում ազդում են և՛ երկրի տնտեսության, և՛ քաղաքական դաշտի, և՛ ուժերի փոխակերպությամբ տարբեր, նոր որակներ ձեռքբերելու վրա: Այնպես չէ, որ երբ ընտրություն է լինում, ամեն ինչը, ի վերջո, պիտի կարգավորված լինի: Սովորաբար ընտրություններից հետո, երբ արդեն կազմավորվում է Ազգային ժողովը, նոր արդեն երևում է, թե տվյալ քաղաքական ուժն ինչպես է հանդես գալիս հասարակության առաջ:

-Բայց արդեն ծեծկռտուքներ, վեճեր կան, շարունակվելո՞ւ են դրանք:

-Ըստ իս՝ մարդիկ պիտի մտածեն, որ վեճ ու կռվով ոչնչի չես կարող հասնել: Իհարկե, ամբողջ աշխարհում է այդպես, միայն մեզ մոտ չի, վեճ ու կռվով հնարավոր չի ձայն վերցնել, որովհետև ժողովուրդը տեսնում է, երբ 2 կողմ իրար հետ վիճում են, 2 կողմի ձայներն էլ գնալով, կարծես թե, պակասում են ավելի շատ:

Մանրամասները՝ տեսանյութում: