Տարեց մարդկանց մոտավորապես 10 տոկոսը տառապում է սրտային անբավարարությունից։ Տարիքի հետ սիրտը թուլանում է եւ այլեւս նախկին ուժգնությամբ չի կարողանում արյուն մատակարարել օրգաններին։ Հոլանդացի գիտնականները պարզել են՝ երկար ապրելու համար սրտային անբավարարություն ունեցող մարդիկ պետք է ամենօրյա սննդակարգում բավարար քանակով սպիտակուցներ օգտագործեն, հայտնում է The Daily Mail-ը։
Գրոնինգենի համալսարանի աշխատակիցները ուսումնասիրություններ են անցկացրել սրտային անբավարարություն ունեցող 2 000 հիվանդների շրջանում, ում միջին տարիքը 68 տարի էր։ Մասնագետները հետևել են նրանց առողջական վիճակին երկու տարվա ընթացքում։ Պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր սննդակարգում օրական 40 գրամից քիչ սպիտակուց են օգտագործել, մահացությունը կազմել է 31 տոկոս։ Իսկ ահա այն մասնակիցների շրջանում, ովքեր օրական 70 գրամ եւ ավելի սպիտակուց են օգտագործել, մահացությունը կազմել է ընդամենը 18 տոկոս։
Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տվել սրտային անբավարարություն ունեցող անձանց սննդակարգում ավելացնել սպիտակուցի քանակը։
Աղբյուր՝ Bujinfo.am










