Կաննի կինոփառատոնի շրջանակներում ռեժիսոր Քեվին Մակդոնալդը ներկայացրել է իր «Ուիթնի» վավերագրական ֆիլմը, որը պատմում է հանրաճանաչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին:
Ֆիլմը ստեղծելիս Քեվին Մակդոնալդը համագործակցել է Ուիթնի Հյուսթոնի ընտանիքի անդամների հետ, և նրանք ռեժիսորին պատմել են, որ Ուիթնին փոքր ժամանակ սեռական բռնության է ենթարկվել ազգականուհու՝ Դի Դի Ուորիկի կողմից: Վերջինս երգչուհի է և Հյուսթոնից մեծ է 18 տարով:
Ուիթնիի հարազատները պատմել են, որ Դի Դի Ուորիկը պարբերաբար սեռական բնույթի գործողությունների է հարկադրել նաև Ուիթնի Հյուսթոնի խորթ եղբորը՝ Գերի Հյուսթոնին: Դի Դի Ուորիկը մահացել է 2008 թվականին՝ 63 տարեկանում:
Ռեժիսորը վավերագրական ֆիլմում անդրադարձել է Ուիթնի Հյուսթոնի կյանքի մյուս մանրամասներին ևս՝ երաժշտության բնագավառում նրա ֆենոմենալ հաջողություններին, անձնական կյանքին, մասնավորապես՝ Բոբբի Բրաունի հետ բարդ փոխհարաբերություններին, ինչպես նաև երգչուհու հարաբերություններին՝ իր մենեջեր, մտերիմ ընկերուհի և սիրուհի Ռոբին Քրոուֆորդի հետ:










