Կուբայի իշխանությունները սուգ են հայտարարել ի հիշատակ Հավանայի մոտակայքում Boeing-737-ի կործանման հետևանքով զոհվածների: Նախօրեին տեղի ունեցած ողբերգական ավիավթարի առնչությամբ երկրի Պետական խորհուրդը պաշտոնական սուգ է հայտարարել մայիսի 19-ի 06:00-ից մինչև մայիսի 21-ի 00:00-ն: Սուգի ընթացքում ողջ երկրում իջեցվելու են պետական դրոշները:
Հիշեցնենք, որ Կուբայում ուրբաթ ուղևորատար օդանավ է կործանվել: Cubana de Aviacion կուբական ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը կատարելիս է եղել Հավանա-Օլգին չվերթը: Այն ընկել է Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանում օդ բարձրանալուց րոպեներ անց:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավում 107 ուղևոր է գտնվել, նրանք բոլորը զոհվել են:
Ավիավթարի ականատեսները պատմել են, որ կործանված ինքնաթիռը փորձում էր վերադառնալ օդանավակայան և դիպչել է էլեկտրական լարերի:
Համացանցում են հայտնվել դեպքի վայրից առաջին կադրերը։










