Արդեն մեկ տարի է` Խամաճիկների թատրոնում բեմադրվել և ներկայացվում է «Քաչալ ոզնին» հեքիաթը, որի հեղինակը հայ մանկագիր, այժմ արդեն ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանն է: Ներկայացման առաջնախաղին նա, իհարկե, ներկա է եղել, իսկ երեկ Նունե Սարգսյանը «Քաչալ ոզնին» դիտելու էր եկել իր թոռների հետ: Bravo.am-ը նույնպես ներկա է եղել, լուսանկարել է հյուրերին և զրուցել հեքիաթի ու ներկայացման հեղինակների հետ:
Նշենք, որ բեմադրության ռեժիսորն Աննա Էլբակյանն է: Հեքիաթը պատմում է նորածին ոզնու մասին, որը փշեր չունի: Քաչալ ոզնին մտահոգության մեծ առիթ է դառնում ոզնիների ընտանիքի և անտառի գրեթե բոլոր բնակիչների համար: Բայց փոքրիկ ոզնու ընտանիքի և ընկերների հոգատարության շնորհիվ շուտով փշերն աճում են, և ողբերգությունը վերածվում է համընդհանուր ուրախության: Աննա Էլբակյանն ընդգծեց՝ թեև սկզբում կարծիքներ էին հնչում, թե ներկայացումը երկար չի մնա խաղացանկում, բայց մինչ օրս այն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, և երեխաները մեծ սիրով գալիս են «Քաչալ ոզնին» դիտելու:

Ներկայացման ողջ ընթացքում երեխաները ծիծաղեցին ու խոսեցին հեքիաթի հերոսների հետ: Տեսնել էր պետք, թե ինչպես էին նրանք սխալ ուղղություն ցույց տալիս խորամանկ աղվեսներին, որ հանկարծ չուտեն փոքրիկ, քաչալ Ոզնիկ Ոզնիկյանին: Նունե Սարգսյանը նշեց՝ երեխաների համար հեքիաթներ գրելու եւ նրանց հետաքրքրելու համար պետք է փորձես մտածել ու պատկերացնել այնպես, ինչպես նրանք, պետք է կարողանաս պատկերավոր տեսարաններ ստեղծել:

«Ես հեքիաթներ եմ գրել, կարելի է ասել, իմ ամբողջ կյանքում, բայց սկսել եմ հրատարակել 2005 թվականից: Այս հեքիաթն էլ մոտավորապես այդ ժամանակ է ստեղծվել՝ 2006 թվականին: Նախորդ տարի եղավ ներկայացման առաջնախաղը և շատ հաջող ընթացք ունեցավ. թատրոնը կարծես գոհ է (ժպտում է,- հեղ.): Ընտրեցինք հենց այս թեման, քանի որ երեխաներին հետաքրքրում է ոզնին որպես կենդանի, և սա նրանց առիթ է տալիս մտածելու, որ կենդանական աշխարհը շատ մեծ է, և որ կենդանիներն էլ ունեն իրենց խնդիրները»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը:

Մանրամասները՝ այստեղ:










