Մառնեուլում ձերբակալել են տատիկին, որ թոռնուհուն ստիպել է ամուսնանալ


Մառնեուլում ձերբակալել են տատիկին, որ թոռնուհուն ստիպել է ամուսնանալ
Սեպտեմբեր 28 15:28 2026

Վրացական Մառնեուլի շրջանում, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով, ձերբակալել են տատիկին, որը ստիպել է իր անչափահաս թոռնիկին ամուսնանալ։ Այս մասին գրում են վրցական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարություն։

Ըստ հաղորդագրության, մեղադրյալը, գենդերային խտրականության դրդապատճառով հարկադրել է թոռնուհուն՝ աղջկա կամքին հակառակ, ամուսնանալ համագյուղացու հետ։ Վրաստանի քրեական օրենսգրքի՝ «ամուսնության հարկադրում» հոդվածով ընթանում է հետաքննություն։  Նրան սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։

Վրացական մամուլը հիշեցնում է, որ չորս տարի առաջ Կախեթիի շրջանի Սագարեջո գյուղում 14-ամյա մի աղջիկ էր սպանվել, քանի որ հարկադիր կերպով ամուսնացել էր 28-ամյա տղամարդու հետ։

Նրա ամուսինը՝ Ասիմ Սադիկովը, առևանգել էր Այթաջին և մի քանի ամիս անց սպանել նրան՝ փախուստի դիմելու փորձի պահին։

Այթաջի սպանությունը Վրաստանում հանրային աննախադեպ վրդովմունքի ալիք բարձրացրեց։ Մարդասպանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Քրեական մեղադրանքներ առաջադրվեցին նաև զոհի մորն ու հորեղբորը, որոնք կազմակերպել էին նրա ամուսնությունը։