«Հայաստանի և Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով Հարավային Կովկասում զգալիորեն փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը»,-ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովին ունեցած ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչԱրմեն Ռուստամյանը։
Ըստ նրա, ստեղծված վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող վտանգների և առաջացած նոր մարտահրավերների ամբողջական վերագնահատում և դրա վրա կառուցել մեր առաջիկա ծրագրերն ու անելիքները: Նա նշեց, որ եթե մինչ այս պատերազմական գործողությունները Հայ դատի կառույցները գործում էին շահեկան դիրքերից՝ արժևորելով և ամրապնդելով արցախյան ազատամարտում հայության տարած հաղթանակի արդյունքները, ապա հիմա ստիպված են դիմակայել պարտության ծանր հետեւանքներին եւ հաղթահարել նորաստեղծ մարտահրավերները:
«Առ այդ, այսօր հայության և Հայ դատի մեր կառույցների առաջնահերթ խնդիրներն են՝ պահպանել հայկական ինքնությունը, հայոց պետականությունն ու ինքնիշխանությունը, տեր կանգնել հայ ժողովրդի ու նրա սերունդների անժամանցելի իրավունքներին եւ կանխել Հայաստանի թուրքացումը:
Թուրքացումը ինչ- որ գեղարվեստական ձևակերպում չէ, այլ կոնկրետ բնորոշում է թուրք- ադրբեջանական տանդեմից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական և ընդհանրապես բազմամակարդակ եւ բազմաբնույթ կախվածության վիճակը:
Սա այն է, երբ Հայաստանը վերածվում է անվանական գոյություն ունեցող, սակայն Թուրքիայից ու Ադրբեջանից փաստացի լիովին կախյալ կցորդ մի երկրի»,- ասաց Ա. Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ այսօր Հայ դատի խնդիրների հետապնդման համար տարվող պայքարը արտաքին խոչընդոտներից զատ, դժբախտաբար, ձեռք է բերում նորահայտ ներքին ճակատ. «Դա այն պատճառով, որ մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի պայքարին է ըստ էության միացել նաեւ Հայաստանի գործող վարչախումբը:
Վարչախումբը հանուն իր հռչակած խաղաղության, ծրագրավորված գործընթաց է ծավալել՝ հրաժարվելու համազգային նպատակներից եւ մեր կենսական շահերի ու իրավունքների պաշտպանությունից:
Եվ դրանք համարելով կոնֆլիկտածին՝ հետևողականորեն ձգտում է խարխլել հայկական ինքնության հիմքերը:
Իրականում, սակայն, սա ակամա խոստովանություն է այն մասին, որ հայ ժողովրդի և թուրք-ադրբեջանական տանդեմի հակամարտության բուն առարկան ոչ այլ ինչ է, քան մեր հայկական ինքնությունը: Պարզ խոսքով, մեզ հասցեագրված ուղերձը ինչպես միշտ հետևյալն է՝ քանի պահպանելու եք ձեր հայկական ինքնությունը, չի լինելու խաղաղություն:
Եվ այստեղ է, որ պետք է փնտրել ամեն գնով խաղաղության ձգտող գործող վարչախմբի հայկական ինքնության ոչնչացմանը միտված շղթայական զիջումները հիմնավորելու և կատարելու գլխավոր դրդապատճառը»։
«Հայ ժողովուրդն այսօր կանգնած է ճակատագրական ջրբաժանի առջև. կամ ձևավորել ազգային իշխանություններ, փոխել երկրի այս հակազգային ուղեգիծը և Հայաստանը լինի իրականում հայկական, կամ թողել, որ այս ընթացքով Հայաստանի թուրքացումը դառնա իրական:
Ընտրությունը սա է՝ կամ մեկը, կամ մյուսը:
Ուրիշ իրականություն չկա:
Մենք այստեղ ենք նպաստելու, որ մեր ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի եւ ընտրի ազգայինը պահպանելու ուղղությունը»,- իր ելույթում ասաց Ա.Ռուստամյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։














