Հակակառուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։
Սերժ Սարգսյանին մեղադրված նոր մեղադրանքի համաձայն. «Նա 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն' հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն' իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել Նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ Նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագեր, անտեսել է ՀՀ կառավարության 25.01.2005թ. թիվ 147 և 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումների պահանջները և ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանները' օտարել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրի քաղաքի «Սև Բերդ» ամրոցը և հարակից հողատարածքը, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ մեղադրական եզրակացությունը չի նկարագրում, թե կոնկրետ որ լիազորությունն է անցել Սերժ Սարգսյանը։
Քննիչը դատարանին ներկայացրել է վերջնական իրավական եզրահանգում՝ չներկայացնելով այդ եզրահանգման հիմքում ընկած փաստերը։ Տրամաբանական շղթան մեղադրական եզրակացության մեջ չկա, քննիչը հայտարարում է՝ Սերժ Սարգսյան ակնհայտորեն անցել է լիազորությունների սահմանը, սակայն չի բացատրում, թե ինչու, ինչպես, ինչ լիազորությունների սահմաններ, այլ կերպ ասած ներկայացնում է միայն եզրակացությունը, ոչ թե դրա փաստական հիմքը, ինչը հակասում է մեղադրական եզրակացության կառուցվածքի տրամաբանությանը։
Քննիչը սահմանափակվել է հետևյալ տրամաբանությամբ՝ թույլտվություն չի եղել, հետևաբար լիազորությունները գերազանցվել են»,- ասաց պաշտպանը։










