«Վալոդյա Գրիգորյանը ոչ միայն լավ ընկեր էր, գործընկեր, այլև հզոր առաջնորդ։ Նրա կորուստը մեզ համար, ժողովրդի համար մեծ ցավ է»,-«Ապրելու երկիր» կուսակցության, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը։
Նա նշեց, Վալոդյա Գրիգորյանի սպանությունից մեկ տարի անց դեռ բացահայտված չեն մեղավորները։
«Ես որպես պատգամավոր, «Ապրելու երկիր» կուսակցության իմ գործընկերների հետ անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատժվեն ոչ միայն արդարադատության հաստատման, այլև նման դեպքերի չկրկնվելու համար։ Նման դեպքերը խաթարում են մեր պետականության հիմքերը, ժողովրդավարությունը»,-ասաց Ս. Ավետիսյանը։
Գրիգորյանի կուսակիցն ասաց՝ Փարաքարում շարունակելու են Վալոդյայի գործը, ծրագրերը, քանի որ համայնքի բնակիչների մեծ մասը իրենց քվեն տվել էին Գրիգորյանին՝ շռնդալից հաղթանակի համար։
«Մենք ամեն բան անելու ենք, որ Վալոդյայի հիշատակը վառ լինի, ամեն բան անելու ենք նրա կիսատ թողած ծրագրերն ավարտին հասցնելու համար»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։
Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավարին սպանեցին մեկ տարի առաջ՝ իր նոր կառուցվող տան դիմաց։ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները սպանությունը համարում են քաղաքական դրդապատճառներով։










