Հայաստանը երբեք չի բարձրացրել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան երկրից դուրս բերելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ։«2018 թվականից շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել։ Ընդհանրապես Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ այդպիսի հարց չի բարձրացրել»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բիշքեկում արած հայտարարությունը, համաձայն որի՝ եթե Հայաստանը ռուսական ռազմաբազայի ներկայության անհրաժեշտություն չի տեսնում, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել։
«Երբ Բիշքեկից վերադառնում եմ Երևան, հաջորդ օրը տեսնում եմ, որ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Հայաստանը ուզում է, որ ռազմական բազան դուրս բերենք, մենք դուրս կբերենք»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ինքն արձագանքել է Պուտինի հայտարարությանը՝ վերահաստատելով, որ հայկական կողմը ռազմաբազայի դուրսբերման հարց չի բարձրացրել։
«Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, որովհետև ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում չունի կենսական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունն ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել։ Սա է ամբողջ պատմությունը և հայտարարությունը՝ ոչինչ ավել և ոչինչ պակաս»,- ասել է Փաշինյանը։










