Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում իրավական համակարգի արդյունավետ աշխատանքի դեպքում միայն ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ գործով պետությանը կարող է վերադարձվել ավելի քան 1 միլիարդ դոլարի գույք։
Վարչապետը հիշեցրել է Կառավարության առաջադրած նպատակը՝ առաջիկա տարիներին պետությանը և համայնքներին վերադարձնել առնվազն 2 միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք։
Վարչապետը նաև անդրադարձել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ընթացող գործընթացները քաղաքական հետապնդում որակելու պնդումներին։
«Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, դրա քաղաքական հետապնդումը ո՞րն է։ Այդ մարդուն պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ իշխանությունն ընտրել է ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձնելու ինստիտուցիոնալ, իրավական ճանապարհը, որպեսզի գործընթացը տեղի ունենա համապատասխան դատական ընթացակարգերով։










