Չի կարող լինել Հայաստանում «Արցախի ներկայացուցչություն» անունով կառույց․ Փաշինյան


Չի կարող լինել Հայաստանում «Արցախի ներկայացուցչություն» անունով կառույց․ Փաշինյան
Սեպտեմբեր 16 19:47 2026

«Երբ մենք ասում ենք, որ դուք որևէ կապ չունեք հայ ժողովրդի հետ, օրինակ ի նկատի ունենք սա․․․»,- ԱԺ-ում ասաց Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ հեռախոսով միացնելով արցախցի ընտանիքին վերաբերող ձայնագրությունը, որում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, գիշերվա ժամը մեկն է։ Անտուն արցախցի ընտանիքից պահանջել են 200 000-ի փոխարեն վճարել 300 000 դրամ կամ ազատատում են, փաստացի այսպիսի խնդիրների են բախվում։Մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնում ենք»։

Հովսեփյանը մանրամասնեց, որ  ամենածանր կորուստներ ունեցած ընտանիքներից մեկը տեղափոխվում է Արցախի ներկայացուցչության շենք, որը գործող իշխանությունը պատրաստվում է խլել։

«Իմիջիայլոց, տեղափոխվում են, որովհետև բնակվարձերն ուղղակի անտանելի կտրուկ աճ են ապրել։Եվ 250 000 դրամով անգամ այսօր գոնե տանելի պայմաններով բնակարան մարդիկ չեն կարողանում գտնել։ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների շրջանում, ինչպես նշվեց նաև, գործազրկությունը մոտ 50 % է, իսկ նրանց աշխատավարձները Հայաստանում միջին աշխատավարձից 50 %-ով էլ ցածր են։Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նույն ճակատագրին էր արժանանում նաև, օրինակ, 4 անչափահաս երեխա ունեցող Լիաննան, ով ստիպված էր տեղափոխվել ներկայացուցչության շենք։ Երեք անչափահաս երեխայի մայր Արևիկը, որ տեղափոխվել էր արտերկրից Հայաստան, այսօր նույնպես առանց տանիքի մնալու սպառնալիքի առջև է կանգնած, որովհետև բնակվարձերը էլի կրկին խիստ աճել են, ինչո՞ւ եմ ձեզ հարց ուղղում, որովհետև դուք հայտարարել եք, որ չեք պատրաստվում մի կտրուկ այսպես միջամտել այս հարցին։ Բա ո՞վ է պատասխանատու, ի վերջո, այս կարևորագույն հարցի համար»,- հարցրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա։

«ՀՀ-ում 2 պետություն, 2 կառավարություն չի կարող լինել։ Չի կարող լինել Հայաստանում Ձեր նշած անունով կառույց։ Էլի եմ ասում՝ ես որպես ՀՀ վարչապետ, պետության մեջ երկրորդ պետություն, երկրորդ կառավարություն կամ երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցնելու եմ»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը