Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»


Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 16 09:49 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել դատավորների հայտարարագրած ունեցվածքը։ Հաջորդ դատավորը, որի ունեցվածքն ենք ներկայացնում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Տարոն Նազարյանն է։ Մենք համադրել ենք նրա 2021 եւ 2025 թվականների հայտարարագրերը՝ պարզելու, թե այս տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նրա ունեցվածքում, եկամուտներում եւ դրամական միջոցներում։

 

 

Ինչ ուներ 2021 թվականին

 

2021 թվականի սկզբին եւ տարեվերջին Նազարյանի հայտարարագրում առկա է եղել մեկ միավոր անշարժ գույք՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերվել 2006 թվականի հունվարի 19-ին եւ գտնվում է համատեղ սեփականության ներքո։ 2021 թվականի ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել եւ առկա գույքն էլ չի օտարել։

 

2021 թվականի սկզբին դատավորն ունեցել է 2004 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք էր բերել 2020 թվականի սեպտեմբերի 3-ին՝ գնման եղանակով։ Սակայն նույն տարվա մայիսի 31-ին Նազարյանը Toyota-ն վաճառել է 8 մլն 400 հազար դրամով։ Տարվա ավարտին նրա հայտարարագրում արդեն տրանսպորտային միջոց չի եղել։

 

2021 թվականի հայտարարագրում Նազարյանը նշել է նաեւ պարտատոմսեր։ Տարվա սկզբին նա ունեցել է 35 մլն դրամի պարտատոմսեր, իսկ դեկտեմբերի 14-ին ձեռք է բերել եւս 10 մլն դրամի պարտատոմսեր՝ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի միջոցով։ Արդյունքում 2021 թվականի վերջին նրա մոտ առկա է եղել ընդհանուր 45 մլն դրամի պարտատոմս։

 

Դրամական միջոցներ

 

2021 թվականի սկզբին Նազարյանի բանկային հաշիվներում, ավանդներից բացի, եղել է 13 մլն 687 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ 2 մլն 35 հազար 936 դրամ եւ 1 հազար 47 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբին նա հայտարարագրել է 4 մլն դրամ եւ 40 հազար ԱՄՆ դոլար։ Տարվա վերջին կանխիկ դրամը նվազել է մինչեւ 1 մլն դրամ, իսկ 40 հազար դոլարը պահպանվել է։ Բացի այդ, 2021 թվականի վերջին նրա բանկային ավանդներում առկա է եղել 10 մլն դրամ, 20 հազար դոլար, 10 հազար դոլար եւ 15 մլն դրամ։

 

2021 թվականին Տարոն Նազարյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 25 մլն 35 հազար 869 դրամ եւ 16 հազար 571 ԱՄՆ դոլար։

 

Դրանցից Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստացած աշխատավարձը կազմել է 11 մլն 883 հազար 110 դրամ։ Նա նաեւ ստացել է 4 մլն 225 հազար դրամ տոկոսային եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պահառուից, 1 մլն 267 հազար 39 դրամ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկից», եւ 872 հազար 742 դրամ՝ «Բիբլոս Բանկ Արմենիա»-ից։ Բացի այդ, Toyota-ի վաճառքից նա ստացել է 16 հազար 100 ԱՄՆ դոլարի եկամուտ։

 

2025 թվական

 

2025 թվականին Տարոն Նազարյանն արդեն Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում է եղել։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2022 թվականի օգոստոսի 8-ից։

 

Եթե 2021 թվականին Նազարյանի հայտարարագրում առկա էր մեկ միավոր անշարժ գույք, ապա 2025 թվականի վերջին արդեն 2 միավոր անշարժ գույք է եղել։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող՝ 2006 թվականին ձեռք բերված անհատական բնակելի տունը պահպանվել է։ Դրան 2025 թվականի հունիսի 30-ին ավելացել է նոր բնակարան, որը Նազարյանը ձեռք է բերել 39 մլն 616 հազար դրամով։ Բնակարանը ձեռք է բերվել «Քոմֆորտ Մեգա Հաուս» ՍՊԸ-ից եւ, ինչպես բնակելի տունը, գտնվում է համատեղ սեփականության ներքո։

 

2025 թվականի հայտարարագրում Տարոն Նազարյանն արդեն ունի 2019 թվականի արտադրության Ford բեռնատար-բեռնաուղեւորատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերվել դեռեւս 2023 թվականի սեպտեմբերի 14-ին՝ նվիրատվության եղանակով, եւ 2025 թվականի ընթացքում մեքենայի հետ կապված փոփոխություն չի արձանագրվել։ Այսինքն՝ 2021 թվականի հայտարարագրում առկա 2004 թվականի Toyota-ի փոխարեն 2025 թվականին դատավորի հայտարարագրում արդեն Ford է։

 

2025 թվականի սկզբին Նազարյանի բանկային հաշիվներում եղել է 3 մլն 12 հազար 707 դրամ եւ 10 հազար 911 ԱՄՆ դոլար։ Տարվա վերջին բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 80 հազար դրամ եւ 11 հազար 118 ԱՄՆ դոլար։ Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբին նա ունեցել է 1 մլն դրամ եւ 10 հազար դոլար, իսկ տարվա վերջին այդ ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում՝ 1 մլն դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար։

 

Միաժամանակ դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա ստացած վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 33 մլն 291 հազար 191 դրամ։ Դրանցից մեկ վարկի մնացորդը եղել է 2 մլն 330 հազար 228 դրամ, իսկ բնակելի տան հետ կապված վարկինը՝ 30 մլն 960 հազար 963 դրամ։

 

Եկամուտ

 

2025 թվականին Տարոն Նազարյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 28 մլն 358 հազար 175 դրամ եւ 640 ԱՄՆ դոլար։

 

Եկամտի հիմնական մասը կազմել է Դատական դեպարտամենտից ստացած 16 մլն 832 հազար 471 դրամ աշխատավարձը։ Այսինքն՝ ամսական միջին հաշվով նրա աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 400 հազար դրամ։

 

Բացի աշխատավարձից, Նազարյանը 2025 թվականին ստացել է 3 մլն 780 հազար 741 դրամ եկամտային հարկի վերադարձ, «Ինեկոբանկից»՝ 1 մլն 980 հազար 800 դրամ վարկ, «ԱԿԲԱ Բանկից»՝ 269 հազար 500 դրամ քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտ, իսկ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատից՝ 87 հազար դրամ։ Նա նաեւ «Ինեկոբանկից» ստացել է 52 հազար դրամ, իսկ «ԱԿԲԱ Բանկից»՝ 640 ԱՄՆ դոլար տոկոսային եկամուտ։

 

2025 թվականի եկամուտների կազմում նշված է նաեւ 5 մլն 114 հազար 492 դրամ՝ գույքի օտարումից ստացված եկամուտ։

 

2025 թվականին Նազարյանը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 965 հազար 391 դրամ։ Նրա հայտարարագրում նշված է նաեւ 11 մլն 400 հազար դրամ անշարժ գույքի վերանորոգման ծախս եւ 4 մլն 470 հազար դրամ նվիրատվության կամ օգնության ծախս։ Այս երեք ուղղություններով նրա հայտարարագրած ծախսերը կազմել են ընդհանուր 19 մլն 835 հազար 391 դրամ։

 

Ինչ է փոխվել 2021-ից 2025 թվականներին

 

Այսպիսով, 2021 թվականին Տարոն Նազարյանն ունեցել է մեկ միավոր անշարժ գույք, 2004 թվականի Toyota եւ 45 մլն դրամի պարտատոմսեր։ 2025 թվականի վերջին նրա հայտարարագրում արդեն առկա է 2 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ 39 մլն 616 հազար դրամով ձեռք բերված նոր բնակարան, ինչպես նաեւ 2019 թվականի արտադրության Ford ավտոմեքենա։

 

Միաժամանակ 2021 թվականին հայտարարագրված 45 մլն դրամի պարտատոմսերը 2025 թվականի հայտարարագրում այլեւս առկա չեն։

 

Դատավորի տարեկան եկամուտը 2021 թվականի 25 մլն 35 հազար 869 դրամից եւ 16 հազար 571 դոլարից 2025 թվականին հասել է 28 մլն 358 հազար 175 դրամի եւ 640 դոլարի»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։