Հոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ. Ռուբեն Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի քահանաներին


Հոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ. Ռուբեն Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի քահանաներին
Սեպտեմբեր 7 15:20 2026

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հովվատանը տեղի է ունեցել Մասյացոտնի թեմի քահանայից դասի հերթական ժողովը։ Հոգևոր հայրերն աղոթք են բարձրացրել առ Աստված՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, եկեղեցական առաքելության առավել արդյունավետ իրականացման և հայրենիքի խաղաղության համար։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին թեմի առաքելությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր՝ տոնական և ծիսական կյանքի կազմակերպում, քարոզչական գործունեություն, երիտասարդական ու կրթական ծրագրեր։ Հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումների և մտքերի փոխանակության արդյունքում ձևավորվել են համապատասխան առաջարկություններ և կայացվեցին միասնական որոշումներ։

Հանդիպման ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն իր պատգամն է հղել քահանայից դասին՝ հորդորելով հոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ։

Սրբազան Հայրը մասնավորապես նշել է.

«Սիրելի՛ քահանա հայրեր,

Աստծո ողորմությամբ վերստին համախմբվել ենք մեր թեմական քահանայական ժողով-քննարկմանը։ Շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության, ձեր նվիրումի և ջանքերի համար։ Այսօրվա ժողովը մեր միասնական ծառայության ճանապարհի հերթական հանգրվանն է՝ ոչ միայն հարցեր քննարկելու, այլև միասին վերանայելու մեր սպասավորության որակն ու կերպը և մտածելու այն ավելի պատասխանատու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

«Եվ ինչ որ անում եք, թող վայելուչ և կարգ ու կանոնով լինի»։ Պողոս առաքյալի այս խոսքը մեզ հիշեցնում է, որ եկեղեցական կյանքը պահանջում է կարգ, պատասխանատվություն, փոխադարձ հարգանք և սիրո վրա հիմնված միասնականություն՝ նպատակ ունենալով մարդու փրկությունն ու հոգևոր շինությունը։ Կարգը, առանց սիրո, կարող է վերածվել ձևականության, իսկ սերը, առանց կարգի, կարող է կորցնել իր ուղղությունը։

Մեր ժողովի բոլոր հարցերի հիմքում, ըստ էության, մեկ նպատակ է դրված՝ Մասյացոտնի թեմի հոգևոր կյանքի զորացումը և մեզ վստահված ժողովրդի հոգևոր խնամատարությունը։

Մեր առաքելության առանցքը Սուրբ Պատարագն է, Եկեղեցու կյանքի սիրտը և հավատացյալ համայնքի հոգևոր միասնության կենտրոնը։ Հետևաբար, սրբազան խորհուրդի կատարման մեջ ոչինչ չպետք է լինի պատահական կամ անպատրաստ՝ սկսած տաճարի մաքրությունից և սրբազան սպասքի ու խորանի պատշաճ նախապատրաստությունից մինչև դպրաց դասի և երգչախմբի ժամանակին, կարգապահ ու վայելուչ ներկայությունը։ Սուրբգրային ընթերցումները, Ավետարանի հռչակումը, երգեցողությունը և քարոզը կատարվում են պատշաճ պատրաստությամբ, հստակությամբ՝ համապատասխան օրվա խորհրդին։ Եկեղեցի մտնող մարդը պետք է հանդիպի ոչ թե մեր անփութությանն ու անպատրաստությանը, այլ Քրիստոսի կենդանի ներկայությանը։

Քահանայական ծառայությունը մեծ պատիվ է, բայց առավել ևս՝ մեծ պատասխանատվություն։ Մարդիկ մեզ մոտ գալիս են իրենց ուրախություններով ու ցավերով, իրենց հավատով ու կասկածներով, իրենց հաղթանակներով ու պարտություններով։ Եվ հաճախ նրանք մեր խոսքի մեջ փնտրում են Աստծո խոսքը, մեր վերաբերմունքի մեջ՝ Քրիստոսի սերը, իսկ մեր կյանքում՝ Ավետարանի ճշմարտության վկայությունը։

Սիրելի՛ քահանա հայրեր,

Թեմական այս ժողովն ամփոփենք հստակ որոշումներով, բայց ժողովից դուրս գանք առավելաբար որոշված սրտով։ Թող մեզնից յուրաքանչյուրը մեկ պարզ, բայց վճռական հարցի պատասխանի. «Ի՞նչ եմ անում ես, որպեսզի իմ հովվական ծառայության շնորհիվ մարդն ավելի մոտենա Քրիստոսին»։

Եթե Սուրբ Պատարագ ենք մատուցում, թող այն մարդուն առաջնորդի դեպի Աստծո կենդանի ներկայությունը։

Եթե քարոզում ենք՝ թող մեր խոսքի միջոցով Աստծո խոսքը հասնի մարդու սրտին։

Եթե մանուկ ենք կրթում՝ թող նրա մեջ հավատքի ամուր հիմք հաստատվի։

Եթե երիտասարդ ենք առաջնորդում՝ թող նա Եկեղեցում գտնի իր տեղն ու առաքելությունը։

Եթե եկեղեցի ենք կառուցում՝ թող նրա հետ միասին կառուցվի նաև կենդանի, աղոթող, ստեղծագործող համայնք։

Եվ թող մեր կյանքի ու ծառայության վրա մշտապես հնչի առաքյալի խոսքը. «Եվ ինչ որ անում եք, թող վայելուչ և կարգ ու կանոնով լինի» (Ա Կորնթ․ ԺԴ 40)»։