«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2 ամսով կալանավորել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:
Հուլիսի 6-ին, մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկում էին, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներ։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանին իր առանձնատնից ձերբակալել էին՝ նրան գետնին տապալելով:
Ըստ ՔԿ-ի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք։
Ծառուկյանի փաստաբանները ևս պնդում են, որ մեղադրանքն անհիմն է:










