Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը։ Այս մասին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ ժամը հստակեցված չէ և նախապես կտեղեկացնեն դատարանի աշխատակազմից։
Ինչ վերաբերում է դատական նիստի ընթացքին, ապա փաստաբանը նշեց, որ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել, որոնք հերքում են և՛ հիմնավոր կասկածը, և՛ Գագիկ Ծառուկյանին կանալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։
«Եթե մենք խոսեինք բացառապես իրավական պրոցեսների մասին,ապա կասկածից վեր է , որ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ արձակվի, բայց հաշվի առնելով վերջին ժամանակները տեղի ունեցող իրադարձությունները , որոնց ականատեսն ենք եղել այս գործի քննության ընթացքում, միայն պետք է հուսալ, որ դատավորը վեր կգտնվի այս ամենից և պատշաճ գնահատական կտա մեր կողմից ներկայացված ծանրակշիռ փաստական տվյալներին ու ապացույցներին»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:










