Ծանոթս աշխատանքի համար մոտեցավ ինձ, ասաց 2 դիպլոմ ունեմ, բայց տաքսի եմ քշում, համակարգչի չեմ տիրապետում: Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի նորակառույց շենքի հանդիսավոր բացման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի օր սրճարանում նստած էի և հին ծանոթս անցնում էր, մոտեցավ, ասաց՝ գիտես, 2 դիպլոմ ունեմ, տաքսի եմ քշում, խնդրում եմ օգնիր մի տեղ աշխատանքի ընդունվեմ, համակարգչին ընդհանրապես չեն տիրապետում։ Ես չեմ կարող կասկածի տակ առնել, որ այդ մարդը խելացի է, 2 դիպլոմ ունի, հնարավոր է 2 դիպլոմն էլ կարմիր, հնարավոր է շատ խորը գիտելիքներ ունի այն ոլորտում, որի դիպլոմը ստացել է, բայց ինքը այսօր չի կարող անել ավելին, քան տաքսի քշելը, դրա համար մեզ շատ մեծ ճկունություն է պետք:
Դպրոցը մի տեղ է, որտեղ երեխաները սովորում են, դպրոցաշինության այս ծրագիրը կրթական ծրագիր է նաև պետության և Կառավարության համար, մենք սովորում ենք 21-րդ դարում դպրոց կառուցել, իսկ դպրոցի կառուցումը խնդրի առաջին մասն է, դպրոցի հետագա կյանքն ու ընթացքը երկրորդ խնդիրն են, ու հիմա հատկապես շատ ընդգծվում է հարցը, թե երեխաները ինչ պետք է սովորեն դպրոցում և ինչ հմտություններով պետք է դուրս գան դպրոցից։
Մեր ընկալումը այն է, որ երեխաները դպրոցում պետք է ձեռք բերեն բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտություններ, բայց սրանով էլ խնդիրը չի լուծվում, ժամանակակից աշխարհը շատ է փոխվում, աշխատաշուկան է փոխվում, և այստեղ էլ մենք պետք է կարողանանք ճկուն լինենք, որպեսզի ճիշտ արձագանքենք իրավիճակին: Մենք պետք է կրթական համակարգը բարեփոխենք այնպես, որ մեր երեխաներին կյանքի փոփոխություններին ադապտացվելու հնարավորություն տանք։ Խելացին նա է, ով ունի ադապտացվելու ընդունակություն, որովհետև կյանքը փոխվում է և եթե մենք չենք արձագանքում, ու ի վիճակի չենք կյանքի փոփոխություններին արձագանքելու, մնում ենք նույն կետում»,- նշել է Փաշինյանը:










