Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող լճացման մեկնարկը տրվել է 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ արտաքին միջամտությամբ իշխանության եկած ուժերի համար կա խնդիր՝ Ռուսաստանին հանել տարածաշրջանից։
«Դրա ճանապարհներից մեկն էլ եղել է Արցախի թեման»,- նշեց նա։
Աբրահամյանը կարծում է, որ երեկվա Փաշինյան-Պուտին հանդիպումը ցույց տվեց՝ առճակատումը շարունակվում է։
«Մյուս կողմից, միակ բանը, որ կարող էր դրական լինել, պատուհանը դեռևս լրիվ չի փակվել, դեռ հանդիպելու հնարավորությունները պահպանում են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ Աբրահամյանն ասաց, որ եթե Հայաստանի իշխանությունը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, ինչ-որ պահի դա նշանակում է ռազմաբազայի հեռացում։










