Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»


Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»
Օգոստոս 18 08:20 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրանց արդյունքում համակարգից հեռանում են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք պաշտոնյաներ։

 

Մասնավորապես, նախօրեին պաշտոնից ազատվել է Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ում փոխարեն ոստիկանության գեներալ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց։ Զաքարյանը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է և նրա հետ ունեցել է ընկերական հարաբերություններ։

 

Սակայն սա միակ փոփոխությունը չէ։ Երեկ ավարտվեց նաև պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանի և Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը։ Նրանք ևս երկար տարիներ համարվել են Քոչարյանի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներ։

 

 

Հատկանշական է, որ ՊՆ-ից հեռանալուց առաջ Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանը պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Այսինքն՝ նրանց պաշտոնավարման ավարտը տեղի է ունեցել ոչ թե սկանդալային հեռացման, այլ համակարգից դուրս գալուն նախորդած պարգևատրման ֆոնին։ Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի նախկին մարզպետն է, իսկ Ռազմիկ Պետրոսյանը՝ Ապարանի նախկին քաղաքապետն է, Արագածոտնի նախկին մարզպետը և ռազմական կրթություն չունի։

 

Այդուհանդերձ, ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների ընդհանուր պատկերը ուշագրավ է։ Մասնավորապես, Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունում մեկը մյուսի հետևից ավարտվում է այն պաշտոնյաների պաշտոնավարումը, որոնք այս կամ այն կերպ կապվել են ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։