Վանաձորում «աղիքային վարակ» ախտորոշմամբ քաղաքացիներ են հոսպիտալացվել


Վանաձորում «աղիքային վարակ» ախտորոշմամբ քաղաքացիներ են հոսպիտալացվել
Օգոստոս 15 19:30 2026

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։

Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում