Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք ու ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, թիվ 27 հասցեի դիմաց, թիվ 67 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մեջ քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
«Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փորձել բուժօգնություն ցուցաբերել քաղաքացուն, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։
Երբ շտապօգնության բժիշկները քաղաքացուն առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել է առաջ և բախվել շտապօգնության «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Քաղաքացու մահվան դեպքով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը, իսկ վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են վարորդների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։










