Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է համարում․ պաշտպան


Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է համարում․ պաշտպան
Օգոստոս 10 15:47 2026

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում՝ գնահատելով այն աբսուրդային այն աստիճան, որ չի էլ ցանկանում խոսել այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։

 

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։

 

Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։ ՔԿ-ն տարածած հաղորդագրությամբ նաև անձնական կյանքին վերաբերող տվյալներ էր հանրայնացրել, իբրև՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է․ Ծ․-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ․ Հ․ (Գեղամ Հակոբյանի) միջոցով:

 

ՔԿ համաձայն՝ Արգամ Աբրահամյանն, օգտագործելով Գեղամ Հակոբյանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։ ՔԿ հրապարակած հաղորդագրությանը նաև հաջորդել է ՄԻՊ հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։

 

Նշենք, որ Գեղամ Հակոբյանի մասով քրեական վարույթն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է․ նախ գտնվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, ապա վերջինիս լիազորությունների կասեցմամբ պայմամավորված՝ վերամակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ Հակոբյանը տնային կալանքի տակ է։

 

Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, Աբրահամյանը նշել է, որ մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ չի էլ ցանկացել մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, Խաչատրյանը նշեց, որ անհամաչափ և անտեղի ուժ է կիրառվել, իսկ հրապարակված տեղեկատվությունն անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Մեղադրանքի հիմքում առկա տվյալների մասին Խաչատրյանը մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքով, միայն նշեց, որ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա պաշտպանները կբողոքարկեն այն։