Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ի․-ն և հայտնել, որ ժամը 17։00-ի սահմաններում մոտեցել է Քըրք Քըրքորյան փողոցի 29/8 հասցեում գործող «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի շենքին և նկատել, որ կոտրված վիճակում են գտնվում նշված շենքի 4 պատուհաններն ու 2 դռները։ Միաժամանակ նշվել է, որ շինությունը դեռևս չի շահագործվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի հետևանքով Արթուր Ի․-ին պատճառվել է 700 հազար դրամի գույքային վնաս։Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ի․-ն «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի տնօրենն է։










