Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին


Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Օգոստոս 3 11:50 2026

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները՝  կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և սպասում են, որպեսզի փրկարարները դուրս բերեն մարմինը, որից հետո կարձանագրեն մահը։

Դեպքի մասին ոստիկանության Դավթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Այս պահին Դավթաշենի բաժնի պետ Զ. Ավդիշոևի հանձնարարականով բաժնի պետի տեղակալ Մխիթար Խաչատրյանն արդեն համայնքային ոստիկանների հետ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում՝ պարզելու դիակի ինքնությունը։