«Հնարավո՞ր է՝ Թուրքիայում Սաբանչի համալսարանին կից Istanbul Policy Center-ում ձեր հետազոտական աշխատանքի ընթացքում հանդիպած լինեք Թուրքիայի պետական համակարգի ներկայացուցիչների». «Ուժեղ Հայաստան » խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի այս հարցին Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ նման հանդիպումներ չի ունեցել։
«Ես կարծես թե չասացի, որ ես Թուրքիայի որևէ պետական աշխատողի հետ եմ հանդիպել... հետևաբար չեմ կարող ասել, ինչ տեսք ունեին այն մարդիկ, ում ես չեմ հանդիպել»,- հայտարարեց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ եթե հարցի ենթատեքստը վերաբերում է Թուրքիայի հատուկ ծառայություններին, ապա այն պետք է ձևակերպել բացահայտ.
«Ուղիղ հարցրեք՝ արդյոք ես Թուրքիայում հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին և արդյոք նրանք ինձ հավաքագրել են։ Ասեք՝ այդպե՞ս է, ես էլ ասեմ՝ ոչ»։
Ռուբինյանը հիշեցրեց, որ նույն մեղադրանքներին պատասխանել է դեռևս 2021 թվականին և կրկին ներկայացրեց Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրին իր մասնակցության մանրամասները՝ ընդգծելով, որ Թուրքիայում կրթություն չի ստացել։
«Միակ դասընթացը, որ ես Թուրքիայում անցել եմ, թուրքերեն լեզվի դասընթացն է... ուրիշ ոչ մի կրթական ծրագրի ես չեմ մասնակցել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն պարզապես աշխատասենյակ էր տրամադրվել հետազոտությունն իրականացնելու համար։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե իբր թաքցրել է Թուրքիայում գտնվելու փաստը, Ռուբինյանը նշեց, որ այդ տեղեկությունը երբեք չի գաղտնիացրել և հիշեցրեց՝ դրա մասին հրապարակայնորեն խոսել է դեռ 2018 թվականին՝ արտաքին գործերի փոխնախարար նշանակվելուց հետո տված առաջին հարցազրույցում։
Շիրազ Մանուկյանի հաջորդ հարցին, որը վերաբերում էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի շնորհավորանքին, Ռուբինյանը պատասխանեց, որ դիվանագիտական աշխատանքը ենթադրում է գործընկերային հարաբերություններ։
«Ես ուրախ եմ և հպարտ եմ, որ կարողացել եմ իմ գործընկերոջ հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ ինքը ինձ շնորհավորի»,- ասաց նա՝ հավելելով, որ շնորհավորանքներ է ստացել նաև այլ միջազգային գործընկերներից և հավելեց. «Եթե ձեզ հետաքրքրում է ասեմ, որ Թուրքիայում սիրում էի ուտել «Ադանա» քեբաբա, «իսկանդեր»։










