Իշխանությունների կողմից բիզնեսի բռնազավթումը անխուսափելիորեն հարվածելու է Հայաստանի ներդրումային գրավչությանը. Աբովյան


Իշխանությունների կողմից բիզնեսի բռնազավթումը անխուսափելիորեն հարվածելու է Հայաստանի ներդրումային գրավչությանը. Աբովյան
Օգոստոս 1 21:44 2026

Կարդացի «Մուլտի Ուելնեսի» տնօրեն Արման Փիրոյանի հայտարարությունը, որտեղ նա միանգամայն արդարացիորեն վրդովվում է այն փաստից, որ իշխանությունները ոչ միայն խուլիգանավարի խլել են «Մուլտի Ուելնեսը», այլև ապօրինաբար օգտագործում են կենտրոնի սարքավորումներն ու գույքը։

Եվ ինձ մոտ հարց է առաջանում․ իսկ մենք ի՞նչ էինք սպասում։ Այս մասին հայտարարել է Արման Աբովյանը։
«Ծառուկյանի բիզնեսների և գույքի շուրջ տեղի ունեցող գործընթացները իրենց էությամբ սովորական ռեկետ են և բանդիտիզմ՝ պետական քաղաքականության աստիճանի հասցված։

Մի՞թե նույնը չի կատարվում «Նոյ» կոնյակի գործարանի կամ «Արարատ Ցեմենտի» հետ։

Անկասկած, այս ամենին այլ անուն տալ, քան պարզունակ ռեկետ, պարզապես անհնար է։ Նախկինում ռեկետով զբաղվում էին "սպարտիվկեքով" բանդիտները, իսկ այսօր՝ կոստյումներով ու փողկապներով չինովնիկները։

Սակայն այստեղ կա երկու շատ կարևոր հանգամանք։

Առաջինը՝ խլված շինությունները, և բիզնես ակտիվները , վաղ թե ուշ, վերադարձվելու են Գագիկ Ծառուկյանին, քանի որ ցանկացած միջազգային արբիտրաժ միանշանակ անօրինական կհամարի իշխանությունների այս գործողությունները և իշխանությունները ուզեն-չուզեն հատուցելու են և վերականգնելու են Ծառուկյանի իրավունքները։

Երկրորդը՝ իշխանությունների կողմից բիզնեսի բռնազավթումը անխուսափելիորեն հարվածելու է Հայաստանի ներդրումային գրավչությանը։ Ոչ մի ողջախոհ ներդրող այս ամենից հետո իր միջոցները չի ներդնի այնպիսի երկրի տնտեսության մեջ, որտեղ իշխանությունները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ցանկացած պահի կարող են խլել կամ կործանել ցանկացած բիզնես։ Իսկ նրանք, ովքեր արդեն ներդրումներ ունեն, բնականաբար, կձգտեն իրենց կապիտալը դուրս բերել երկրից։

Սա փաստ է։

Ուստի եկեք սթափ գնահատենք իրավիճակը և ինքներս մեզ հարց տանք․ ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի տնտեսության և ներդրումային գրավչության այսպիսի կտրուկ թուլացումը։

Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանը վերածել մի երկրի, որտեղ պետական ռեկետը վեր է Սահմանադրությունից, և որտեղից ներդրողները պարզապես կփախչեն։

Ո՞ւմ է ձեռնտու Գագիկ Ծառուկյանին բանտ նետել միայն այն բանի համար, որ նա հանդես է գալիս ազգային համերաշխության և Հայաստանի բարգավաճման օգտին։

Պատասխանեք այս հարցերին, և ամեն ինչ իր տեղը կընկնի»,- գրել է Աբովյանը։