«Բանակում ինքնասպանությունների երեք հիմնական պատճառ կա»,-կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, պատճառներից մեկը զինվորների կողմից խաղադրույքներ կատարելն է, պարտքերի տակ ընկնելը և պարտքը չկարողանալ փակելը։
«Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույք կատարելը, բայց այդ համակարգը դեռ ներդրման փուլում է»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ խնդիրը նոր չէ և իրեն հայտնի է դեռևս «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակից։ Փաշինյանը նշեց, որ պարտադիր չէ, որպեսզի զինծառայողը սեփական հեռախոսով խաղադրույք կատարի, քանի որ գործում են նաև ստվերային մեխանիզմներ։
«Կան ստվերային դիլլերներ, որոնք հեռախոսով, խոսքի վրա խաղադրույքներ են կատարում։ Այսինքն՝ անգամ եթե հեռախոս չկա, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց նա։
Որպես երկրորդ հիմնական պատճառ Փաշինյանը նշեց ընտանեկան և անձնական խնդիրները։ Նրա խոսքով՝ քաղաքացիական կյանքում առաջացած տարբեր հարաբերությունների և անձնական բնույթի խնդիրները ևս կարող են ազդեցություն ունենալ զինծառայողների հոգեբանական վիճակի վրա։
Երրորդ պատճառը, ըստ նրա, կապված է մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելու հետ։
Փաշինյանը նշեց, որ այդ երևույթի նկատմամբ զինվորական միջավայրում խիստ բացասական վերաբերմունք կա՝ հիշեցնելով անգամ ռեփ երգի տողերից մեկը. «Մարտական դիրքում քնողների նկատմամբ մի ռեփ երգ կա, մեջը սենց նախադասություն կա՝ «Ես դիրքում քնող չեմ եղել»։ Կողքից լսողը կասի՝ էս ինչ նախադասություն ա։ Եթե դիրքապահը քնել ա, նշանակում ա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը, ու ով որ արձանագրվում ա, որ դիրքում քնել ա, նրան զինվորները արհամարհանքի և մեկուսացման են ենթարկում, և դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի մեկուսացում, հոգեբանական ճնշում»։










