Ավետիք Չալաբյանը բանտից ուղերձ է հղել. «Այսօր բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը»


Ավետիք Չալաբյանը բանտից ուղերձ է հղել. «Այսօր բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը»
Հուլիս 30 14:28 2026

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Ավետիք Չալաբյանը հրապարակել է ուղերձ, որում հայտարարել է, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ, իր խոսքով, «թրքահաճո վարչախումբն» իրեն ապօրինաբար զրկել է ազատությունից։

«Այս ընթացքում նման կերպով ազատությունից զրկվել են նաև Գագիկ Ծառուկյանը և Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի դեմ, իսկ անազատության մեջ են շարունակում մնալ Բագրատ սրբազանը, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը և շատ այլ հայորդիներ, ովքեր պայքարում են իրականացվող «թրքամետ օրակարգի» դեմ»,- նշել է նա։

Չալաբյանի խոսքով՝ հունիսի 7-ի ընտրություններում իշխանությունը պարտվել է, սակայն «վարչական ռեսուրսի, օտարների աջակցության և լկտի մանդատագողության շնորհիվ» պահպանել է իշխանությունը։ Նա նաև պնդել է, որ դրան հաջորդել են քաղաքական հետապնդումներն ու բռնությունները։

«Այսօր բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը, որին փորձում են զրկել մտքի և գործի առաջնորդներից ու ապագայի հեռանկարից»,- ասված է ուղերձում։

Չալաբյանը նաև մեջբերել է Էռնեստ Հեմինգուեյի հայտնի խոսքը՝ «Մի՛ հարցրու, թե ում համար են ղողանջում զանգերը, նրանք ղողանջում են քեզ համար»՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, ազատազրկված անձինք հանցագործներ չեն, այլ հետապնդվում են իշխանություններին հակադրվելու համար։

Նա քաղաքացիներին կոչ է արել պայքարի դուրս գալ՝ զուգահեռ անցկացնելով Սարդարապատի հերոսամարտի հետ։

«Եթե յուրաքանչյուր ազատազրկվածի փոխարեն ոտքի կանգնեն հարյուրները և հազարները, թշնամին նորից կընկրկի»։