Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, ես ասել եմ, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, մինչ այս՝ չի ունեցել։ Խոսքը միայն տնտեսական այլընտրանքի մասին չէ, այդ թվում՝ քաղաքական այլընտրանքի»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե Հայաստանը ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել մի քանի երկրների հետ, մինչդեռ նախկինում չուներ այդպիսի հարաբերություններ։
«Պրոբլեմն այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, կարող եմ ասել, որ Ռուսաստանն այդտեղ խնդիր է տեսնում։ Կա մոտեցում, թե կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ՝ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։










