Գևորգ Պապոյանն այդ ոչինչը ներկայացնում է տոկոսային հարաբերությամբ և մատուցում 80 տոկոսանոց աճի շքերթով. Քաղաքական վերլուծաբան


Գևորգ Պապոյանն այդ ոչինչը ներկայացնում է տոկոսային հարաբերությամբ և մատուցում 80 տոկոսանոց աճի շքերթով. Քաղաքական վերլուծաբան
Հուլիս 25 15:34 2026

Քաղաքական վերլուծավաբ Հակոբ Բադալյանը, անդրադառնալով այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած արտահանման «աճ»-ի վերաբերյալ ցուցանիշներին, գրում է.

«Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը, որը Հայաստանի իրական անկախության օր է համարում Արցախի դեմ Ադրբեջանի եզրափակիչ ագրեսիան, հայտարարում է դեպի Չինաստան, Հնդկաստան, Եվրոպա արտահանման աճի մասին։ Ընդ որում, ցուցանիշները՝ 80 տոկոսից ավելի։

Լսող, բայց տնտեսական գրագիտությունից թույլ որեւէ մեկը կհամարի, թե Հայաստանը պարզապես արտահանման թռիչքաձեւ աճի փուլում է։

Գործնականում, Հայաստանի արտահանման ցուցանիշը նվազել է՝ 3 տոկոսից ավելի։ Այդ մասին ներկայացրի օրեր առաջ։ Աճել է ներմուծումը՝ գրեթե 3 տոկոսով։ Այլ կերպ ասած, մեծացել է առեւտրաշրջանառության բացասական սալտոն։

Բայց, լսողը կմտածի՝ 80 տոկոս աճ դեպի Չինաստան, այդքան աճ՝ դեպի Հնդկաստան, նույնքան՝ դեպի Եվրոպա։

Մինչդեռ, շատ էական է, թե ինչ կոնկրետ ծավալներ ունի այդ աճը։ Օրինակ, եթե դուք Եվրոպա էիք արտահանում երկու բեռնատար, իսկ հիմա՝ չորսը, ապա ստացվում է 100 տոկոս աճ։ Բայց, ընդհանուր առմամբ՝ դա ոչինչ է։ Ահա, ըստ էության այդ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ եւ մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով, առանց ապրանքային ծավալները բացելու»։