Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դադարում ֆանտազիաներով մեզ զարմացնել, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ առերեսումը սկսելուց առաջ հայտարարել են, որ իրեն՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից. «Թույլ չեն տալիս, որպեսզի հանդիսանամ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը, որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս որոշակի հանդիպումներին ներկա եմ եղել Ծառուկյանի հետ, և իրենք դիտարկել են, որ ես կարող է գործի վերաբերյալ տվյալ ունենամ և վկայի կարգավիճակում հարցաքննվել»։
Փաստաբանի գնահատմամբ՝ սա ապօրինությունների գագաթնակետն է. «Իրենք վախից ինձ հեռացրեցին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որոնք կատարել էին, երեկ ուղղակի ջախջախել ենք։ Այն հարցերը, որոնք ես ուղղում էի տուժողին, սկսում էին հարցերը հանել։ Այսինքն՝ հարցը տրվում էր, քննիչն աում էր՝ վարույթի հետ կապ չունի և հարցը հանում էր։ Մենք հիմնավորել ենք, որ տուժողն ինչ ասել է՝ սուտ է»։










