Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին


Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
Հուլիս 22 09:23 2026

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 21-ին այցելել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Արմավիրի մարզպետի, համայնքապետերի ուղեկցությամբ Արմավիրի մարզ։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Նախարարը նախ դիտարկել է Արմավիրի Բաղրամյան համայքի Վանանդ բնակավայրով անցնող շուրջ 11 կմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:
Այնուհետև նախարարը մասնակցել է Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը։

Ավելի քան երկու տասնամյակ Շենավանը մանկապարտեզ չի ունեցել։ Սակայն 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով, ավելի քան 280 մլն դրամ արժեքով կառուցվել է 60 երեխայի համար նախատեսված, ամբողջությամբ նոր գույքով կահավորված մանկապարտեզ, որն այսօր իր դռները բացեց փոքրիկների համար:

Նախարարը շնորհավորել է շենավանցիներին մանկապարտեզի բացման կապակցությամբ և ընդգծել, որ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը ակտիվ փուլում է և, անհրաժեշտության դեպքում, այն շարունակություն կունենա նաև 2026 թվականից հետո:

Հացիկ բնակավայրում էլ նախարարը հետևել է 110 երեխայի համար կառուցվող երկհարկանի մանկապարտեզի շինարարությանը: Աշխատանքները ակտիվ փուլում էին:

Հացիկ բնակավայրում նախարարը դիտարկել է նաև շուրջ 3,5 կմ հիմնանորոգվող տեղական նշանակության ավտոճանապարհի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են այս տարի և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Խորոնք բնակավայրում նախարար Խուդաթյանը ներկա է գտնվել նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքների հիմնարկեքին: Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 100  սանի համար նախատեսված նոր սպորտային համալիր՝ ավելի քան 488 մլն դրամով:

Նախարարը վստահություն է հայտնել, որ շինաշխատանքները կմեկնարկեն և կավարտվեն գրաֆիկին համապատասխան՝ պահպանելով որակի ամենաբարձր չափանիշները:

Նախարար Խուդաթյանն այցելել է  նաև Վաղարշապատ և Փարաքար համայնքներում, որտեղ ակտիվորեն իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ:

Շինարարական բոլոր օբյեկտներում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ և սահմանել ժամկետներ դրանց կատարման համար: