«Ակնհայտ քաղաքական հետապնդում է, ուզում են ամեն ինչ անել, որ Նարեկ Կարապետյանը չգնա Ազգային ժողով»․ Փաստաբաններ


«Ակնհայտ քաղաքական հետապնդում է, ուզում են ամեն ինչ անել, որ Նարեկ Կարապետյանը չգնա Ազգային ժողով»․ Փաստաբաններ
Հուլիս 21 19:19 2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որը գումարվել էր՝ քննելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը, ավարտվել է՝ առանց որոշման կայացման և կշարունակվի վաղը։

Տեղեկությունը լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Մենք այն փուլում էինք, երբ ԿԸՀ պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում որոշում կայացներ՝ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը համաձայնություն տալ կամ չտալու շուրջ»,- ասաց Վարդևանյանը։

Նա մանրամասնեց՝ Կարապետյանին առաջադրված հնարավոր մեղադրանքը կապ ունի  «Ուժեղ Հայաստան»-ի անդամներից Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։ Սակայն Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հիմքում իրավական տարրեր փաստաբանը հորդորեց չփնտրել՝ ընդգծելով՝ այս ամենը իրավունքի, օրենքի, իրականության կամ նույնիսկ տրամաբանության հետ որևէ կապ չունի։

«Նարեկ Կարապետյանն այսօրվանից արդեն պատգամավոր է, բայց դատախազությունը նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացրել է հուլիսի 13-ին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ Կարապետյանը լիազորությունները դեռևս չէր ստանձնել։ Այս ընթացքում նա հնարավորություն ուներ նաև ինքնաբացարկ հայտնել։ Այսինքն՝ նրանք հուլիսի 13-ին չէին կարող իմանալ, թե ինչ է լինելու հուլիսի 21-ին, հետևաբար, այս միջնորդությունը ԿԸՀՆ-ն կամ պետք է վերադարձներ դատախազությանը, կամ մերժեր»,- նշեց Վարդևանյանը։

Փաստաբան Արմեն Ֆերոյանը ևս ընդգծեց՝ տեղի ունեցողն անօրինական է։

«Մենք վաղուց ենք փաստել, որ գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդման հետ, իսկ սա շոուի բաղկացուցիչ մասն է և միտված է նրան, որ անեն ամեն ինչ, որ Նարեկ Կարապետյանը չգնա Ազգային ժողով»,- ասաց Ֆերոյանը։