Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում արդեն մի քանի օր է` գույքագրում է արվում. Տոնոյան


Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում արդեն մի քանի օր է` գույքագրում է արվում. Տոնոյան
Հուլիս 20 17:41 2026

Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում մի քանի օր է` գույքագրում է իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նշենք, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները ներխուժել էին Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ, այդ թվում` Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատ։ Այդ օրվանից ի վեր ահազանգվում է, որ կոմբինատի սարքավորումների խողովակներում մեծ քանակությամբ սպիրտ կա, դրանք չեն դատարկվել, ու դա կարող է շատ մեծ անվտանգային խնդիր առաջացնել։ Արդեն մի քանի օր է, ինչ կոմբինատի կապարակնիքները հանվել են, բայց այն դեռևս չի աշխատում։

«Արդեն մի քանի է օր է` այդ գույքագրումն արվում է, ու դեռ այս պահին էլ շարունակվում է։ Ստուգվում է, թե ինչ պաշարներ կան»,– ասաց Տոնոյանը։

Նա ընդգծեց, որ չգիտի, թե ինչի համար է այդ գույքագրումն իրականացվում։

Հարցին` արդյոք կոմբինատի սարքավորումների խողովակներից սպիրտը դատարկելու հնարավորություն եղել է, Տոնոյանը նշեց` նման թույլտվություն չի տրվել որևէ մեկին, տեխնիկական որևէ գործընթաց չի իրականացվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից ի վեր դռները կապարակնքված են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր այն ընկերություններում, որտեղ քննչական գործողություններ են կատարվել։ Այս պահի դրությամբ միայն «Արարատցեմենտ» գործարանն է վերսկսել աշխատանքը։ Բոլորը ձեռնարկությունների աշխատակիցներն արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել և ՔԿ–ից պահանջել, որպեսզի թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։