Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության դիմաց՝ նշելով, որ վեց տարի անհայտության մեջ են, սպասողական վիճակ է, էլ չեն կարողանում։
«Շաբաթ օրը անհետ կորած զինծառայողների հարազատներով հավաքվել էինք մեր հետագա գործողությունները որոշելու համար։ Եկել ենք հետևյալ եզրահանգման. քանի որ 6 տարի մենք մեր իշխանություններից անհետ կորածների ճակատագրի հարցով որևէ դրական փոփոխություն չենք տեսել, հույս էլ չունենք, որ կարող է ունենանք, մեծահոգաբար այսօրվա իշխանությանը մեկ շաբաթ ժամանակ ենք տրամադրում, որ որոշակի հստակություն մտցնեն։ Եթե այս մեկ շաբաթվա ընթացքում մեր այս պահանջին չեղավ պատասխան, մենք գտնելու ենք մեր խողովակները»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի եղբայր և անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանում էլ կան իրենց կարգավիճակով մարդիկ, որոնք դեռևս 1990-ականներից անհետ կորած հարազատներ ունեն. «Մենք փորձելու ենք իրենց հետ փոխադարձ աշխատելու խողովակ գտնել՝ մենք այստեղ մեր ուժերով իրենց անհետ կործաների ճակատագրով հետաքրքրվենք, քանի որ իրենք չեն կարող գալ այստեղ, մենք էլ չենք կարող գնալ այնտեղ՝ մեր երեխաների ճակատագրով հետաքրքրվել։ Բայց այդ երեխաների ճակատագիրը չի կարող մնալ անորոշ։
Մենք որոշել ենք՝ գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ ցանկացած տարբերակով կոնտակտի դուրս գալ։
Կարծում եմ՝ ավտոերթով կգնանք Տեղ գյուղ, այնտեղից էլ դեպի Հակարի կամուրջ քայլերթով։ Ինչպես կստացվի այդ կոնտակտը, չի ստացվի՝ հիմա ոչինչ չեմ կարող ասել»։
Նա հիշեցրեց, թե հանդիպումներից մեկի ժամանակ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը. «Փաշինյանն ասել է իր բերանով՝ Ալիևն ասել է չունեմ անհետ կորած։ Ծնողները ներկայացնում են փաստեր, տեսանյութեր, որտեղ երևում է փաստ՝ ադրբեջանցի զինվորը մեր երեխուն տանում է գերության։ Բայց Ալիևն ասում է՝ չունեմ։ Փաշինյանի համար Ալիևի «չունեմն» ավելի հիմնավոր փաստ է, քան տեսանյութը։
Փաշինյանը նույնիսկ արտահայտություն է արել՝ «ասեմ ավելին՝ ինքը երդում կերավ», որ չունի։ Հանդիպումը եղել է փակ դռների հետևում։










