Իրավաբան, դիպլոմավորված անասնաբույժ Դավիթ Թումասյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծի՝ քնելցնելուց հետո չզարթնելուն, գրում է.
«Առյուծների ընդհանուր քանակն ամբողջ երկրագնդում չի գերազանցում 27.000-29.000-ը, և երեկ մեկ առյուծի անկումը տրամաբանական է՝ պետք է մեծ աղմուկ բարձրացներ նաև համաշխարհային մակարդակով:
Իրավական տեսանկյունից անպատասխան են մնացել հետևյալ էական հարցերը (առնվազն չեն հանրայնացվել)՝
1 – Ի՞նչ անհրաժեշտություն կար այդ առյուծներին տեղափոխել կենդանաբանական այգի և մինչ այդ նրանց պահման պայմաններում ի՞նչ է փոխվել, որ այդ անհրաժեշտությունն առաջացավ հենց հիմա: Որքանո՞վ էր տեղափոխումն իրավաչափ և հիմնավոր:
2 – Ուղեկցող հիվանդությունների ցանկը տպավորիչ է, սակայն դրանք ա՞յն աստիճանի էին, որ կարող էին հանգեցնել մահվան: Հազարավոր կենդանիներ և մարդիկ տարիներով ապրում են և՛ լյարդի ցիրոզով, և՛ այլ նշված հիվանդություններով:
3 – Հաշվի առնելով կենդանիների տեղափոխումը՝ արդյ՞ոք ներկա է եղել մասնագիտացված անասնաբույժ և իրականացվել է կենդանիների նախնական զննում, որը կենդանիների տեղափոխումից առաջ պարտադիր է:
4 – Ո՞վ է հաշվարկել քնաբերի դոզան, և կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը, քանի որ քնաբերի դոզան հաշվարկվում է անհատապես՝ կենդանի քաշի 1 կգ-ի հաշվով:
5 – Կենդանաբանական այգի հասնելուն պես՝ կենդանիները ենթարկվե՞լ են բժշկական զննման, թե՝ ոչ, իսկ եթե ոչ՝ ապա ինչո՞ւ:
Հ.Գ. Շատերի համար նորություն կլինի, սակայն գրում եմ ոչ միայն որպես իրավաբան, այլ նաև որպես դիպլոմավորված անասնաբույժ»։










