Կենդանիներին, որոնց երկար տարիներ պահել ու խնամել է Գագիկ Ծառուկյանը, երեկ քնացրին ու տեղափոխեցին Կենդանաբանական այգի։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ առյուծներից մեկն անկել է։ Կենդանաբանական այգուց պնդում են՝ առյուծը քնեցումից չի արթնացել «ուղեկցող հիվանդությունների պատճառով»։
Կենդանապաշտպան Նարե Արամյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծում է՝ մեր երկրում ամեն ինչն է վերածվում քաղաքական հաշվեհարդարի։
«Կենդանիները որպես «գույք» են դիտարկվում և առգրավվում են որպես «իրեղեն ապացույց»՝ քրեական գործի շրջանակներում։ Եթե ճար ունենային մեր այսօրվա իրավապահները, որպես «հանցակիցներ» կդիտարկեին առյուծներին և կներգրավեին գործին՝ որպես «օժանդակողներ»,- հեգնում է Արամյանը։
Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ծառուկյանի տանը պահվող կենդանիների բարեկեցության տեսանկյունից նպատակահարմար էր նրանց տեղափոխելը։ Ինչ վերաբերում է կենդանիներին քնացնելու միջոցով տեղափոխելու հետևանքներին, Արամյանը նշում է՝ տեսականում չի բացառվում, որ անզգայացնելուց հետո կենդանին անկի, եթե իրոք ունի ուղեկցող հիվանդություններ, սակայն այս ամենից խուսափել հնարավոր էր։
«Հնարավոր էր, եթե լիներ գիտակցում, որ կենդանին պարտադիր չէ, որ անգամ առգրավման դեպքում անմիջապես տեղափոխվի այլ վայր։ Գուցե կենդանու առողջության պահպանման համար շատ ավելի նպատակահարմար է, որ նա իր տեղո՞ւմ մնա...»։
Կենդանապաշտպանը հիշեցնում է նաև՝ այսօր Հայաստանում 200-ից ավելի առանձնատներում վայրի բնության ներկայացուցիչներ են պահվում, այդ թվում՝ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիներ.
«Նրանք գտնվում են անազատության մեջ, անտանելի պայմաններում, դաժան վերաբերմունքի ներքո, և պետությունը խնդրին ուշադրություն չի դարձնում՝ չնայած մեր բազմաթիվ ահազանգերին։ Հետևաբար, սա ուղղակի հերթական ցուցադրական, արհեստական, շինծու գործողությունն էր։
Ինքս դեմ եմ և՛ որսին, և նմանատիպ «կենդանաբանական այգիներ» ունենալուն, բայց անթույլատրելի է այն ձևը, որով երեկ «լուծվեց» այդ կենդանիների ճակատագիրը»։
Կենդանապաշտպանի խոսքով՝ տվյալ դեպքը ցույց է տալիս, որ անձով պայմանավորված՝ կենդանիների նկատմամբ միտումնավոր դաժան վերաբերմունքը շարունակվելու է։










