ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին. սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ չնայած ազատ առևտրային ռեժիմ է, բայց փաստաթղթաշրջանառության և այլ հարցերում կան որոշակի կանոններ։
«ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրեր կիրականացնենք, որպեսզի մասնավոր հատվածի մեր գործընկերներին աջակցենք։ Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել»,- ասաց Փաշինյանը։
Նա պնդեց, թե քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է։
«Հիմա մնում է, որ պրակտիկ մակարդակում կարողանանք այն լուծել։ Սա արդեն մեր աշխատանքն է, դրսի ինստիտուտների անելիքը չէ»,- հավելեց Փաշինյանը։










