«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախության դեֆիցիտ չունի, ԿԸՀ-ն անկախ է առավել քան երբևէ»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ունեցած եզրափակիչ ելույթում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ տեսագրված է. «Ըստ էության, մեր կանքն է օն-լայն ռեժիմով։ 2005 տեղամասում անցկացվել է ընտրություն, ամեն ինչ կա, կարելի է գալ, կանգնել Սահմանադրական դատարանում և ասել՝ մասսայական կեղծիքներ։ Լավ, 10 չէ, գոնե 5 փաստ։ Լավ... Կարելի է ասել, ասել, ասել, բայց որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ»։
Հովակիմյանը հայտարարեց, որ ԿԸՀ որոշումը հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վեաբերյալ իրավական և փաստական առումով հիմնված է եղել ընտրական գործընթացների համակողմանի գնահատման վրա։
«ԿԸՀ-ն եզրահանգել է, որ դիմումներում ներկայացված պնդումներով չի հավաստվում այնպիսի խախտումների առկայություն, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Միաժամանակ այն տեղամասերում, որտեղ առկա են եղել բավարար հիմքեր կասկածի տակ դնելու քվեարկության արդյունքների արժանահավատությունը, արդյունքները ճանաչվել են անվավեր»,- ասաց ԿԸՀ նախագահը։












