Լրիվ լեգիտիմ էր ձեր պնդումը, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ. Վահագն Ալեքսանյանն իր՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու մասին


Լրիվ լեգիտիմ էր ձեր պնդումը, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ. Վահագն Ալեքսանյանն իր՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու մասին
Հունիս 29 22:58 2026

«Լրիվ լեգիտիմ էր ձեր պնդումն այն առումով, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ, բայց չընտրվեց կին։ Այսինքը, փակ, գաղտնի քվեարկության պայմաններում դժվար է ասել, թե ինչ սկզբունք է աշխատում, բայց, այնուամենայնիվ մեր երկու կին թեկնածուներն էլ բավականին կայացած են, երկուսն էլ քաղաքական ասպարեզում շատ ծանրակշիռ ներկայացվածություն ունեն»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կին թեկանծուների փոխարեն ՔՊ-ի կողմից իր թեկնածության հաստատման փաստը։

Նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին ցուցաբերած վստահության համար և խոստացավ անել ամեն ինչ՝ այն արդարացնելու համար։

Արձագանքելով հիշեցմանը, որ ԱԺ-ում Ալեքսանյանը ոտքով հարվածում էր ընդդիմության ներկայացուցչին, օգտագործում էր «վերբալ մարմնավաճառներ» որակումը և այդքանից հետո արդյոք նա պատրաստվում է փոխխոսնակի պաշտոնում փոխել շփման ոճը՝ Ալեքսանյանն ասաց.

««Վերբալ մարմնավաճառներ» արտահայտությունը լիովին գրական և շատ դիպուկ բնութագիր է կոնկրետ տեսակի մարդկանց համար։ Ես ինձ համարում եմ այս գումարման ամենապարկեշտ պատգամավորներից մեկը...Քացով հարվածելը խոսույթի մաս չի կազմում: Ընդդիմությունը բռնություն բերեց խորհրդարան, իրենք էլ դա ստացան»։