Արքայազն Հարրին և Մեգանը Մեծ Բրիտանիա առաջիկա այցի ժամանակ կմնան թագավորական նստավայրում


Արքայազն Հարրին և Մեգանը Մեծ Բրիտանիա առաջիկա այցի ժամանակ կմնան թագավորական նստավայրում
Հունիս 27 13:51 2026

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հաջորդ ամիս իրենց երեխաների՝ 7-ամյա արքայազն Արչիի և 5-ամյա արքայադուստր Լիլիբեթի հետ կայցելեն Մեծ Բրիտանիա և կմնան թագավորական նստավայրում։ Սա կլինի Սասեքսի դուքսի և դքսուհու առաջին ընտանեկան այցը Միացյալ Թագավորություն 2022 թվականից հետո և առաջին դեպքը, երբ նրանք կընդունեն թագավորական կալվածքում բնակվելու առաջարկը։

Ըստ CNN-ի՝  ընտանիքը ծրագրում է ուղևորության ընթացքում մնալ ինչպես թագավորական նստավայրում, այնպես էլ մասնավոր կացարաններում։ Պալատի աղբյուրները հայտնել են, որ Սասեքսի ընտանիքին նախկինում ևս առաջարկվել էր այցելությունների ժամանակ տեղավորվել թագավորական կալվածքում, սակայն նրանք մինչ այժմ չէին ընդունել հրավերը։ Այս քայլը դիտարկվում է որպես հնարավոր նշան, որ թագավորական ընտանիքի անդամների միջև հարաբերությունները կարող են աստիճանաբար բարելավվել։

Հարրին և Մեգանը 2020 թվականին հրաժարվել էին թագավորական պարտականություններից և տեղափոխվել Կալիֆոռնիա՝ հայտարարելով, որ ցանկանում են վարել ֆինանսապես անկախ կյանք։ Նրանց հեռանալը հանգեցրել էր թագավորական ընտանիքի հետ երկարատև և հրապարակային հակասությունների։ Հետագա հարցազրույցներում, ինչպես նաև Հարրիի հուշագրություններում, զույգը նշել է, որ իրենց որոշման վրա ազդել են դեղին մամուլի մշտական միջամտությունը, ընտանեկան բարդ հարաբերությունները և բրիտանական հաստատություններում առկա համակարգային ռասիզմը։

Վերջին տարիներին Հարրին մի քանի անգամ միայնակ է այցելել Միացյալ Թագավորություն։ Մեգանը վերջին անգամ այնտեղ  եղել է 2022 թվականին՝ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության ժամանակ, իսկ Հարրին 2023 թվականին միայնակ մասնակցել է Չարլզ III թագավորի թագադրմանը։

Անցյալ տարվա սեպտեմբերին արքայազն Հարրին 19 ամիս անց առաջին անգամ հանդիպել էր իր հորը՝ Չարլզ III թագավորին։ Քլարենս Հաուսում տեղի ունեցած մասնավոր թեյախմությունը կազմակերպվել էր այն շրջանում, երբ թագավորը բուժում էր ստանում քաղցկեղից։ Այդ հանդիպումը նոր քննարկումների առիթ էր դարձել, թե թագավորական ընտանիքի երկարատև տարաձայնությունները կարող են հաղթահարվել։ Հաղորդվում է, որ հայրն ու որդին այդ ժամանակվանից կապի մեջ են, թեև Հարրիի հարաբերություններն իր եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ շարունակում են մնալ լարված։

Այս տարվա հունվարին Հարրին կրկին այցելել է Լոնդոն՝ մասնակցելու «Դեյլի Մեյլ»-ի հրատարակչի դեմ հարուցված դատական գործի լսումներին։ Նա և մի շարք այլ հայցվորներ պնդում են, որ լրատվամիջոցի ներկայացուցիչներն ապօրինի տեղեկություններ են հավաքել և գաղտնալսել հեռախոսազանգեր։

Հիշեցնենք,  երբ Հարրին հրաժարվել էր թագավորական պարտականություններից, Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունը դադարեցրել էր նրա՝ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող անվտանգության ծառայությունները։ Անցյալ տարի BBC-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր. «Ես չեմ պատկերացնում մի աշխարհ, որտեղ այս պահին կնոջս ու երեխաներիս կբերեմ Մեծ Բրիտանիա»։ Թե ինչ անվտանգության միջոցառումներ կգործեն առաջիկա այցի ընթացքում, դեռ չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ թագավորական նստավայրում գտնվելու ժամանակ ընտանիքը կգտնվի գործող անվտանգության պաշտպանության ներքո։

Հուլիսյան այցի ընթացքում արքայազն Հարրին կմասնակցի Բիրմինգհեմում նախատեսված միջոցառումներին՝ նվիրված 2027 թվականի «Invictus Games» մարզական խաղերի մեկնարկին մնացած մեկ տարվան։ Մրցումները նախատեսված են ծառայության ընթացքում վիրավորված զինծառայողների համար և հիմնադրվել են Հարրիի նախաձեռնությամբ ավելի քան տասը տարի առաջ։ Նա նաև կմասնակցի Միդլենդսում կազմակերպվող մի շարք միջոցառումների, որոնք կապված են իր աջակցած բարեգործական նախաձեռնությունների հետ։

Այցը կմեկնարկի Լոնդոնում «Invictus Games»-ի հետ կապված միջոցառումներով, որտեղ Հարրիին կմիանա նաև Մեգանը։ Նրանց երեխաները հանրային միջոցառումներին չեն մասնակցի, իսկ ընտանիքի անձնական ծրագրերի մանրամասները չեն հրապարակվում։