«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՍԴ-ն այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Գործերը միավորել են մեկ վարույթում, եւ դրանք քննվելու են դատարանի նույն նիստում։ Դիմել են «Ուժեղ Հայաստանը» եւ «Հայաստան» դաշինքը, «Միասնության թեւերը», ԴՕԿ-ը, ԲՀԿ-ն, Արման Բաբաջանյանի եւ Հայկ Մարությանի կուսակցությունները։ Նիստը կսկսվի ժամը 11:00-ին: Զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է, քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով։
ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ 3 հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը», եւ երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:
9 հոգանոց ՍԴ կազմից 2 դատավոր՝ նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ու Արամ Զավենիչի նախկին կուսակից Արտակ Զեյնալյանը, չեն մասնակցելու քննարկումներին: ՍԴ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն, հենց այս նպատակով էլ ՍԴ-ն չբավարարեց Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի բացարկի դիմումը: Գործող ՍԴ-ն ոտից գլուխ նիկոլահպատակ է, եւ այժմ պարզ է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը տիտանական ջանքեր գործադրում՝ ՍԴ-ն «զավթելու» համար:
Այս կազմում մեկ մարդու միայն կարելի է գրագետ իրավաբան համարել` Երվանդ Խունդկարյանին, որին Փաշինյանը չի նշանակել: Հավանաբար, կասկածներ են ունեցել, որ 5 ձայն չեն ունենա, եւ իրենց ապահովագրելու համար Սաֆարյանին էլ պահեցին, թեեւ նա Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով նախորդ ընտրություններին էր մասնակցել, իսկ հայցվորներից մեկը Բաբաջանյանն է, ուստի կասկածի տակ է նրա անաչառությունը։










